Հայաստանի իշխանությունները չպետք է սպասեն միջազգային կառույցների արձագանքին՝ հնարավոր հետեւանքների մասին մտահոգվելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նա նշեց, որ երբ խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստանը», մտահոգություն է հայտնում՝ կապված իշխանությունների այս կամ այն գործողությունների կամ իրադարձությունների հետ, ապա դա պետք է ազդանշան լինի, որը ցույց կտա, որ ժամանակն է, որպեսզի կառավարությունը մտածի:
«Եթե մենք դա տեսնում ենք, ապա, իհարկե, մեր միջազգային գործընկերները եւս չեն կարող դա չնկատել: Հուսով եմ՝ դա նախադեպ կդառնա, եւ կառավարությունն այսուհետ չի սպասի միջազգային կառույցների արձագանքին՝ իր քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կատարելու համար: Սակայն մենք ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ նույնիսկ ընդդիմության բազմաթիվ կոչերից հետո կառավարությունը չի հրաժարվում իր քաղաքական կուրսից:
Սիմոնյանը նշեց, որ գործող իշխանության քաղաքականությունը, ըստ էության, իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում է, ինչը, պատգամավորի կարծիքով, անընդունելի է իրավական պետության համար:
Բացի այդ, պատգամավորի կարծիքով, Սահմանադրական դատարանի անդամների, մասնավորապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կառավարության եւ «Իմ քայլի» դիրքորոշումը անմեղության կանխավարկածի սկզբունքի կոպտագույն խախտում է, որը անհետեւանք չի կարող մնալ:
Նկատենք, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները մտահոգություն են հայտնել խնդիրների վերաբերյալ, որոնց հետ բախվում են դատական մարմիններն իրենց անկախության եւ անկողմնակալության ապահովման առումով:
Մեկնաբանելով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը՝ Սիմոնյանը հայտարարեց, որ այն անընդունելի է եւ՛ իրավական, եւ՛ քաղաքական տեսանկյունից:
«Այնտեղ չկա որեւէ իրավական հիմնավորում, այն պարզապես չի դիմանում որեւէ քննադատության՝ ոչ իշխանությունների տարանջատման սկզբունքի կենսունակության, ոչ էլ ստանձնած իրավական միջազգային եւ ներպետական պարտավորությունների տեսանկյունից», - ասաց պատգամավորը:
Սիմոնյանի կարծիքով՝ քաղաքական տեսանկյունից գործող իշխանությունն ու իշխող դաշինքը ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը իշխանության բոլոր ճյուղերում, ինչը, պատգամավորի խոսքով, կարող է ցավալի հետեւանքների հանգեցնել:
«Բացարձակ իշխանությունը բացարձակ չարիք է ցանկացած հասարակության համար: Հիշեք ֆաշիստական Իտալիան, հիշեք նացիստական Գերմանիան…»,- ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում է կայացրել։ Արտահերթ նիստի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնության քննարկումն էր։ Նախագիծն ուղղված էր սահմանադրական բարեփոխումներում Սահմանադրական դատարանի մասնակցության չեզոքացմանը։ ԱԺ նախագահը այս նախագիծը միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշում էր ընդունել այն դեպքում, երբ դրա իրավունքը չուներ։
Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ օրենսդրական նախագծի միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցման համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցությունների գրավոր առաջարկությունը, որը պետք է հաստատված լինի խորհրդարանի խորհրդի նիստում, ինչը չի արվել։ Բարձրացած աղմուկից հետո Միրզոյանը չեղարկել է սեփական որոշումը։





























