ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև) փետրվարի 3-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Գրիգոր Հովհաննիսյանը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մենցինը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման, հայ-սլովենական օրակարգն առաջ մղելու նպատակով: Զրուցակիցները քննարկեցին հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Ավելի վաղ ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպանին ընդունել էր նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ում հետ քննարկվել էր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ»,- ասված է հաղորդագրությունում:





























