Ես էլ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ մեկին Սահմանադրական դատարանի հարցը լուծելու մանդատ չեմ տվել: Այս մասին փետրվարի 4-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի երեկվա հայտարարությունը:

Ավելին՝ ինչպես նշեց Զոհրաբյանը, ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի խոսելու ամբողջ ժողովրդի անունից՝ հավելելով, որ Հայաստանում շատ ավելի կարեւոր հարցեր կան, քան արհեստականորեն օրակարգ բերված ՍԴ-ի հետ կապված իրավիճակի մասին հարցը:

«Մենք այս կամ այն անհատի հետ խնդիր չունենք եւ հնարավոր ամեն ինչ կանենք, որ երկրում հաստատենք օրենքին գերակայությունը»,- շեշտեց Զոհրաբյանը:

Նշենք, որ Լիլիթ Մակունցն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրենց լիազորել են լուծել Սահմանադրական դատարանի հարցը:

Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել փետրվարի 6-ին արտահերթ նիստ անցկացնելու մասին: Արտահերթ նիստի օրակարգում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնության քննարկումը, որն ուղղված է սահմանադրական բարեփոխումներին Սահմանադրական դատարանի մասնակցության չեզոքացմանը: Ազգային ժողովի նախագահը որոշում էր ընդունել անհետաձգելի քննարկման ներկայացված օրինագիծը քննարկել միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ, մինչդեռ դրա իրավունքը չուներ:

Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ օրինագծի քննարկման համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցությունների հիմնավորված գրավոր առաջարկը, որը պետք է հաստատվի խորհրդարանի Խորհրդի նիստում, ինչը չի արվել: Բարձրացած աղմուկից հետո Միրզոյանը սեփական որոշումը չեղարկել էր: