Ղարաբաղյան ընտրությունները չպետք է շահարկումների առարկա դառնան` Հայաստանի ներքին քաղաքականության լույսի ներքո: Այս մասին փետրվարի 5-ին «Ղարաբաղը` փոփոխությունների շեմին. արտաքին և ներքին անվտանգությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նրա խոսքով` դրա համար հայաստանյան քաղաքացիական հասարակությունը պետք է ուղիներ որոնի` Ղարաբաղում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

«Կարևոր է, որպեսզի ընտրությունների գործընթացն իրականացվի պատշաճ դիտորդական առաքելության շրջանակներում, քանի որ առաքելությունը` ի դեմս երկու կազմակերպությունների, որոնք ուղարկվում են Ստեփանակերտ, ըստ էության, վերահսկելու է ընտրությունները Հայաստանի գործադիր իշխանության կողմից»,- նշեց նա:

Մելիքյանի խոսքով` Ղարաբաղի նախագահական համակարգը շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի, որը կարելի է «հայկական նոու-հաու» համարել:
«Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ օրենսդիր և գործադիր մարմինները պետք է մեկ օրում ձևավորվեն: Սա խոսում է այն մասին, որ Ղարաբաղում, ի տարբերություն Հայաստանի, առաջնային մանդատը տրվում է մեկ անգամ»,- պարզաբանեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ 2020-ի մարտի 31-ին Ղարաբաղում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: