Վերջին շրջանում մի քանի անձանց բերման ենթարկելը ուղերձ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

«Իրական պատճառն այն է, որ արեւմտյան այն շրջանակներին, որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվետու է, եւ որոնք օգնել են նրան գալ իշխանության, որպեսզի իրականացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում այն, ինչ նա վաղուց սկսել է իրականացնել, սա ուղերձ էր, որ հանուն նրա, ինչ ես անում եմ ԼՂՀ դեմ, պատրաստ եմ հաստատել բռնատիրություն եւ այդ լծակներն արդեն ունեմ․ ես ունեմ ոստիկանությունը, որն առանց պատճառի հասարակությանը հայտնի գործիչների առանց որեւէ լուրջ հիմնավորման տեսախցիկների առաջ պառկեցնում է ասֆալտին, ուրեմն որեւէ ներքին դիմադրություն, քաղաքացիական բողոքի ալիք այս հարցով ես ճնշելու եմ։

Ես անելու եմ այն, ինչ խոստացել եմ։ Իհարկե, միաժամանակ կողմնակի այլ հարցեր էլ է լուծում՝ անընդհատ փորձելով փոխել այն օրակարգը, որ հիմա մեր հանրությունը ատիվորեն քննարկում է՝ ճտիկով գրիչի պատմությունը, ՀԴՄ-ի պատմությունը, 12 մեքենաներով ավտոշարասյան պատմությունը։ Ոստիկանապետը ստանձնել է այդ պարտականությունը, որ ինքն անվերապահորեն ծառայելու է, եւ ոստիկանությունը ծառայեցնելու է Փաշինյանի եւ նրա ընտանիքի շահերին, եւ որեւէ օրենք, օրինականություն այստեղ չեն կարող դրան խոչընդոտել»,– ասաց Շահնազարյանը։