Վաղը ժամը 11–ին Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում «Իմ քայլի» 2 նախագծերն են ՝ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյան օրենսդրական նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելու պարտադրանքը, ինչպես նաեւ իշխականական 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են։ Նշենք, որ հաստատվելու դեպքում ՍԴ դատավորի պաշտոնը պահպանելու են միայն Վահե Գրիգորյանը եւ Արմեն Դիլանյանը, մյուս բոլոր 6 դատավորները եւ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընտրվել են մինչեւ 2018 թվականի ապրիլի 9–ը։
Իշխանական պատգամավորները այս նախագիծը հիմնավորել են ՍԴ–ի ճգնաժամը լուծելու անհրաժեշտությամբ, մինչդեռ բազմաթիվ փորձագետներ եւ ընդդիմադիր հասարակական ու քաղաքական գործիչներ մտահոգություն են հայտնել, որ այն հակասահմանադրական է։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս նախագծի ընդունման դեպքում Հայաստանը կդառնա միապետություն, իսկ այն հեղինակած 37 իշխանական պատգամավորներին զգուշացրել է, որ հակապետական այս նախագծի ընդունման դեպքում իրենք պետք է պատասխան տան սերունդների առջև։
ԱԺ արտահերթ նիստ անցկացվելու որոշումը կայացվել է ԱԺ խորհրդի նիստում։ Փակ ռեժիմով անցկացված նիստից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք դեմ են քվեարկել, ինչպես բոլոր նախագծերին այնպես էլ արտահերթ նիստ հրավիրելուն։ Նրա խոսքով՝ շրջանառության մեջ դրված նախագծերը առեւեւույթ հակասահմանադրական են։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եւս դեմ է քվեարկել նախագծերին։ Մենք տեսնում ենք բավականին լուրջ, վիճելի դրույթներ, շատ լուրջ», ասել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որի անունը նույնպես նախագծի 37 հեղինակների թվում է, «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ինքը նախագծից տեղյակ չէ, դրան չի ծանոթացել, ինչը կասկածներ է առաջացրել, որ պատգամավորների մի մասը չի մասնակցել նախագծի մշակմանը։ Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես հստակ չի պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցապնդումներին՝ արդյոք բոլոր 37 հեղինակները մասնակցել են նախագծի մշակմանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է, ննրան կասկածում են առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։ ԱԱՇ-ն տեղեկացրել է, որ Վերմիշյանը խոստովանել է կաշառք վերցնելու փաստը։ Նույն գործով կասկածյալ է եւս երկու մարդ, նրանցից մեկը նույնպես ձերբակալվել է։ Ավելի վաղ Վերմիշյանի աշխատասենյակում խուզարկություն են իրականացրել Ազգային անվտանգության ծառայության քննիչները, իրենց հետ տարել նրա համակարգիչները։
Այսօր Երեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վաղ առավոտյան Իսակովի պողոտայում՝ Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը» եւ Honda մակնիշի ավտոմեքենան։ «Գազել»-ի վարորդը ու 6 ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ավելի ուշ պարզվել է, որ «Գազելի» վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել և այսօր առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել։ Ուղևորներից ոչ ոք ծանր վնասվածք չի ստացել։
Իշխանական պատգամավորներն այսօր անդրադարձել են Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հայտարարությանը։ Հիշեցնենք՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահն ասել էր «մի գեղեցիկ օր պառկեցնելու եմ ասֆալտին, ոտքերս սրբեմ իրենց վրա»։ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Ռուբեն Հայրապետյանի՝ անցյալում դրսևորած վարքը։
Անդրանիկ Քոչարյանը, որը նախկինում Ռուբեն Հայրապետյանի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել, հայտարարել է, թե Հայրապետյանը լկտի պահվածք է դրսևորել։
«Հոկտեմբերի 27-ի» գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Դատախազությունից հայտնել են, որ նախատեսվում է ԱԱԾ քննչական խմբում ներգրավել նաեւ քննչական կոմիտեի քննիչներ: «Հոկտեմբերի 27-ի» տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի միջնորդությունը, որով նա խնդրել էր քրեական գործը ՝ ԱԱԾ-ից հանձնել ՀՔԾ-ին, մերժվել է։
Դոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին՝ թանկացել։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը փետրվարի 4-ին կազմել է 478, եվրոյինը՝ 527, բրիտանական ֆունտինը՝ 625 դրամ, ռուսական ռուբլունը՝ 7.64 դրամ։
Հայաստանում փետրվարի 6-ին եւ 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ից 7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, 8-10-ը նույնքան կնվազի:











