Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 6-ին երկրորդ արտահերթ նիստն է հրավիրել: Առաջին նիստը արագ սկսվեց ու ավարտվեց, քանի որ օրակարգում ընդգրկված հարցերի հեղինակները դրանք հետ էին կանչել:

Դրանից հետո կայացել է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ որոշում է կայացվել ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որի օրկարգում միայն մեկ հարց է Սահմանադրության 2013-րդ հոդվածում փոփոխությունների հարցը: Այս նախաձեռնության տակ ստորագրել է «Իմ քայլի» 44 պատգամավոր:

Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված օրինագիծը արդեն օրակարգում չէ: Այն նախատեսում էր, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կարելի է անել առանց ՍԴ-ի եզրակացությունն ստանալու:

Այս արտահերթում ընդգրկված միակ նախագծում առաջարկվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

Ստացվում է, որ այսօր առավոտյան հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ նախորդ նախագիծը հետ է կանչվել, և նախաձեռնողը նույնաբովանդակ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ:

Նշենք, որ արտահերթ նիստում միակ նախագիծը պետք է քննարկվի միայն առաջին ընթերցմամբ: Քննարկումը նախատեսված է ավարտել 5 ժամվա ընթացքում:

Այս նիստը անցնում է բավականին թեժ մթնոլորտում: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հայտարարում են, որ նիստը ընթանում է ԱԺ կանոնակարգի խախտումներով: Բանն այն է, որ ըստ Էդմոն Մարուքյանի, նախագծի համար գլխադասային հանձնաժողով չի նշանակվել, որը և պետք է եզրակացությամբ հանդես գար:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նշանակվել է գլխադասային, պարզապես չի հասցրել եզրակացությամբ հանդես գալ, քանի որ նիստն արտահերթ է հրավիրված:

Նշենք, որ նիստին կան նաեւ բացակա պատգամավորներ: Մասնավորապես, նիստին չեն մասնակցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ՝ Վարդան Ղուկասյանը, Տիգրան Ուրիխանյանը, Քաջիկ Գեւորգյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը: «Իմ քայլը» խմբակցությունից բացակայում են՝ Թագուհի Թովմասյանը, իսկ ԼՀԿ-ից՝ Մանե Թանդիլյանն ու Կարեն Սիմոնյանը: