ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման վերջում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«ՀՀ գործող Սահմանադրությամբ նախատեսված է ՍԴ-ի մի մոդել, որը  միջազգային փորձագետները գնահատել են որպես հավասարակշռված: Այս մոդելի էությունը հետեւյալն է, ՍԴ դատավորի երեքական թեկնածուներ առաջադրում են  ՀՀ նախագահը, կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրությունը կատարում է ԱԺ-ն եւ ՍԴ-ն դառնում է իշխանության երեք թեւերի բալանսավորման վերին ատյան: Ընդ որում, Սահմանադրության նոր կարգավորումներն ունեն երկու կարեւոր նրբություն. ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ պաշտոնավարման ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները, եւ եթե հավի առնենք, որ ԱԺ նախագահն էլ զրկվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունից, կարող ենք արձանագրել, որ ՍԴ կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող Սահմանադրությամբ հնարավորինս մեղմվել են:

Մեղմված են նաեւ ՍԴ նախագահի կողմից ՍԴ-ում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահ ընտրվում է ոչ թե ցմահ, այլ 6 տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի այդ, ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների եւ ոչ թե ԱԺ-ի կողմից: Բացի դա, վերացված է նաեւ այն աննորմալ պրակտիկան, որ նույն մարդը կարող է 35 տարի լինել ՍԴ անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետեւ, օրինակ, երբ նախագահ կամ վարչապետ է 30-35 տարի մնում պաշտոնում, մենք դա անվանում ենք մենիշխանություն, բռնապետություն, բայց բնական ենք համարում, որ նույն մարդը 35 տարի լինի ՍԴ անդամ կամ նախագահ:

Նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարին: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Այս մոդելը նաեւ միջազգային փորձագետների քաջալերմամբ եւ աջակցությամբ ներդրվել է 3-րդ հանրապետության մեջ ամրագրված սահմանադրական պրոբլեմների հաշվառման եւ վերլուծության արդյունքում, որովհետեւ դե ֆակտո եւ դե յուրե ՍԴ-ն երրորդ հանրապետությունում դարձել է տանիք ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար: 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որովհետեւ ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի, սանկցիոն մասի, կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը:

Հետո ՍԴ անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի, սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել դոկտորական թեզեր: Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի կարեւոր հարցի. բա քվեաթերթիկների լցոնումնե՞րը, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաեթերի տոտալ վերահսկումը: Ահա ուրեմն, այս դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրում սահմանադրական իրավունքի եւ ՍԴ պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված եւ տրամաբանական մոդելը, որի մասին խոսեցի սկզբում, եւ որի մասին քաջալերանքի խոսքեր են ասել եվրոպական կառույցները եւ փորձագետները: Եկեք այդ մոդելը պայմանականորեն անվանենք երազանքի ՍԴ:

Բայց հիմա պիտի հարց տամ, որը աբսուրդ պետք է թվար իմ ասածի ֆոնին, որովհետեւ այս ամենը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Իսկ արդյոք մենք ունենք այդ երազանքի Սահմանադրությամբ հավասարակշռված ՍԴ, որը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Պատասխանը հետեւյալն է՝ ոչ, չունենք:

Մենք այս ընթացքում գտնվել ենք կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին  տարանցման փուլում, գուցե չենք հասցրել ունենալ երազանքի ՍԴ: Ե՞րբ կունենանք երազանքի ՍԴ, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրնկի տակ, կունենա՞նք, թե՞ չենք ունենա այդպիսի ՍԴ: Այո, կունենանք, բայց եթե որեւէ բան չփոխենք, կունենանք ամենաշուտը 2035 թվականին: Ինչո՞ւ, որովհետեւ գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչներն այնպիսի ձեւակերպումներ են տվել, որ այն հին ՍԴ-ն շարունակի գործել հնարավորինս երկար: Ըստ էության, նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները ասել են հետեւյալը՝ ճիշտ է, մենք գտել ենք երազանքի ՍԴ-ի մոդելը, որտեղ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց հին ՍԴ-ի անդամների լիազորությունները չենք կրճատում, նրանք թող ՍԴ անդամ լինեն այնքան, որքան նախատեսված է 2015 կամ 2005 թվականների Սահմանադրություններով:

Արդյունքում մենք ունենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ երկու գործող անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 եւ 2029 թվականներին: Նաեւ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ երկու անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 եւ 2037 թվականներին: Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին: Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031 թվականին: Արա Բաբլոյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035 թվականին: Ու չնայած գործող Սահմանադրությամբ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 21 տարի է, հին ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարելու է շատ ավելի երկար՝ ունենալով պաշտոնավարման երբեմն 3 անգամ ավելի երկար պատմություն, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ:

Առանձին դեպք է ՍԴ նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պաշտոնավարում է 6 տարի, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչեւ 2035 թվականը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որն առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա լինելով գործող Սահմանադրության հեղինակներից մեկը կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը, Սահմանադրության տեքստը գրողների խմբում, եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության, գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ հետեւյալ տրամաբանությամբ. եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը նաեւ իրեն պետք է ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:

Ի դեպ, հին ՍԴ-ի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն նրանց գործող Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավելի պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ անդամների, այլ իր սեփական շահերի համար: Որովհետեւ իրեն պետք է եղել հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, նրան պետք է եղել ՍԴ հին անդամների պաշտոնավարումը մինչեւ 65, ոմանց դեպքում նաեւ 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետեւ ինքն ի սկզբանե նախատեսած է եղել, որ ինքը ՍԴ անդամ պետք է ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով: Նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրելու  կարգը ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից: Նա ՍԴ անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օրից ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանվելու 12 տարին:

Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս ՍԴ-ի մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ հին անդամները շարունակեն պաշտոնավարել: Եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ: Նույնը վերաբերում է ՍԴ նախագահի պարագային. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 21-ին, ԱԺ-ի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ-ն զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ է առաջադրել ԱԺ նախագահը, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից:

Դրա արդյունքում Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ ունենալու համար հայ ժողովուրդը պետք է սպասեր մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր  Թովմասյանը իր կուսակցության՝ ՀՀԿ-ի, օգնությամբ մինչեւ 2035 թվականը իրենով է արել ՍԴ նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված:

Չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ՀՀԿ-ականներն այս ճանապարհին անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլեւ քրեական օրենսգրքի սահմանը: Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018-ի մարտի 25-ին: Եթե նա մինչեւ վերջ պաշտոնավարեր, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ անդամ ընտրվել ԱԺ-ի կողմից 17 տարի ժամկետով: Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին  ԲԴԽ նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ 2018-ի մարտի 20-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ վերջին հերթական նիստն էր:

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում մարտի 5-ին, բայց ԱԺ աշխատակազմում հասկանում են, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը եթե արձանագրվի մարտի 5-ով, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում Հրայր Թովմասյանին 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018-ի մարտի 20-ի ԱԺ հերթական նիստում, ուստի, ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս եւ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով:

Այս դրվագով ՀՔԾ-ում քրգործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշանակ է, այս կեղծիքով եւ այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում:

Ուզում եմ հայտարարել, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով ՍԴ կողմից եւ նրա նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը: Դրա առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. խոսքը գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որով հին սահմանադրական դատարանին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում եւ ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված Սահմանադրական դատարանի:

Բայց կա մեկ այլ, ոչ պակաս կարեւոր դրվագ: Հրայր Թովմասյանը Սահմանադրության գործող տեքստում առնվազն Սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահվել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտա, այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք, ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ-ի այդ դիրքորոշումը:

Այսինքն, այս վիճակում՝ Հայաստանի ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի՝ ապօրինի ձեռքբերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց Սահմանադրական դատարանը դա թույլ չտա, համարելով հակասահմանադրական: Այսինքն՝ Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ այդ սուբյեկտը Սահմանադրական դատարանն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է:

Աբսուրդը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ ինքը իր, իր կարգավիճակի վերաբերյալ: Սա իսկապես աղաղակող աբսուրդ է, ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը նման որոշում կայացնել ինքը իր, իր կարգավիճակի վերաբերյալ: Կան իրավաբաններ, որոնք հակադարձում են՝ այդ դեպքում ինչպե՞ս է, որ Ազգային ժողովը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ, կառավարությունը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ, նախագահը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ:

Թվում է՝ զորեղ փաստարկ է, բայց՝ Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումներն ու օրենքները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան մի քանի սուբյեկտների կողմից, Կառավարության որոշումները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան, Վարչական դատարան, նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարան, Վարչական դատարան եւ միակ մարմինը որի որոշումները, այդ թվում իր կարգավիճակի վերաբերյալ, չեն կարող բողոքարկվել՝ Սահմանադրական դատարանն է:

Ես չեմ ասում, թե Սահմանադրական դատարանի որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի: Ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերվում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավելեւս ժողովրդի լիազորությանը, ժողովրդի իշխանությանը, Սահմանադրական դատարանի լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեսելի եւ սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով: Աշխարհում, ի դեպ, չկա գոնե մեկ երկիր, որ Սահմանադրական դատարանի սահմանադրական վերահսկողության լիազորությունը լինի առանց ծավալների սահմանափակման, այսինքն լինի բացարձակ, անքննելի և անբեկանելի: Աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր և միակ այդպիսի իրավիճակը առկա է այսօրվա Հայաստանի Հանրապետությունում:

Իսկ այն իրավիճակը, որ մենք նաեւ այս առումով ունենք սահմանադրական դատարանում, ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը, որովհետեւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչը հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմն է: Մեր երկրում, ըստ այդմ, ինչպես վերը նշեցի՝ հակակշռված եւ փոխզսպված է նախագահի ինստիտուտը, կառավարության ու վարչապետի ինստիտուտը, Ազգային ժողովը նույնիսկ, իսկ Սահմանադրական դատարանը չունի ոչ մի հակակշիռ եւ ընդհանրապես ոչ մի զսպում, փոխարենը կարող է եւ փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի, ժողովրդի իշխանությունը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կարգավիճակի վերաբերյալ:

Սա ուղիղ եւ սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար եւ այսպիսի Սահմանադրական դատարանը ձեւավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար, որովհետեւ այս Սահմանադրության գրողները այդպես էլ պլանավորել էին, որ առնվազն մինչեւ 2035 թվականը Հայաստանում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լինելու եւ ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու խորհրդարանական քննարկման ժամանակ եմ հայտարարել, լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար, այսպիսի Սահմանադրական դատարան ձեւավորվել է եւ Հրայր Թովմասյանը այսպիսի եղանակով Սահմանադրական դատարան է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի վոչդոգ, որը թարգմանաբար նշանակում է պահապան շուն:

Այլ կերպ ասած՝ հենց Սահմանադրական դատարանում է թաղված շան գլուխը: Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները եւ օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, եւ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով:

Ինչի՞ վրա է նրանց հույսը: Միայն ու միայն մի բանի: Հրայր Թովմասյանի ու գործող Սահմանադրական դատարանի: Ինչու՞ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչու՞ են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին: Որովհետեւ նրանք սպասում են, հույս ունեն, որ ահա շուտով, ահա բան չմնաց՝ իրենց Սահմանադրական դատարանը իրենց, բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու:

Բայց մենք դա թույլ չենք տա, մենք նրանց կպարտադրենք ուրիշ մի գործողություն եւ այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: Մենք այսօր պետք է որոշում կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար եւ Ազգային ժողովը հույս ունեմ որոշում կայացնի Սահմանադրության վերը հիշատակված 213 հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին:

Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ այո ասեն այդ փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում, ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել երկու նորանշանակ դատավորները՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Արման Դիլանյանը եւ նախագահի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը:

Հանրաքվեից հետո Հայաստանի կառավարությունը, հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, հերթով կառաջադրեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ, դատավորներին կընտրի Ազգային ժողովը եւ մի քանի ամսվա ընթացքում կամ գուցե ավելի կարճ, մենք կունենանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված եւ գործող Սահմանադրական դատարան, որը իր կազմից կընտրի Սահմանադրական դատարանի նոր նախագահ:

Իհարկե, նոր Սահմանադրական դատարանի առաջ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն Սահմանադրական դատարանի Սահմամադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների եւ սահմանադրական փոփոխությունների ընդունմանը:

Եւ այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական որեւէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի ժողովրդի առաջ, հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր՝ քան ժողովուրդը: Հենց այսպիսի Սահմանադրական դատարան է պետք Հայաստանի Հանրապետությանը, մեզ բոլորիս, Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար:

Ազգային ժողովի մեծարգո նախագահություն, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Եւ Ազգային ժողովում եւ նրա սահմաններից դուրս լինելու են բազմաթիվ տեսակետներ, քննարկումներ, շահարկումներ հանրաքվե անցկացնելու որոշման մասին: Քննարկվող նախագծի փաթեթում բոլոր իրավական հիմնավորումները բոլոր մանրամասնություններով բերված են: Չեմ ուզում մտնել մանր կամ մեծ դետալների մեջ եւ կարող եմ այս բարձր ամբիոնից արձանագրել ամենակարեւորը.

Հայաստանի Հանրապետությունում չկա մի խնդիր, որի լուծման լիազորություն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի: Հայաստանի Հանրապետությունում չկա մի հարց, որը լուծելու լիազորություն, իրավասություն, իշխանություն չունենա ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինքնիշխան է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին տիրակալ է եւ նա իրավասու է, կարող է լուծել ցանկացած հարց եւ կլուծի:

Ի դեպ, 2018 թվականի գարնանը տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո շատ է խոսվում այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ «Իմ քայլը» դաշինքը հեղափոխական ճանապարհով եկավ իշխանության: Այս ձեւակերպումը թյուրիմացության արդյունք է: Որովհետեւ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներս, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներս Հայաստանի Հանրապետությունում իշխանության չենք եկել: Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկել է ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին: Մենք պարզապես ժողովրդի ներկայացուցիչն ենք, մենք ներկայացնում ենք ժողովրդին, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածով:

Այո, մենք ներկայացնում ենք ժողովրդին եւ ունենք ժողովրդի կողմից մեզ պատվիրակված լիազորություն, իսկ Սահմանադրական դատարանը այսօրվա ձեւով չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը եւ այն պետք է հեռանա:

Եւ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ:

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ մի քանի խոսքով դիմել նաեւ Սահմանադրական դատարանի անդամներին:

Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ,

Հասկանում եմ, որ այն ինչ ասացի այս ելույթում՝ հաճելի չէ ձեզնից շատերին, գուցե ոմանք ասված որոշ դրվագներ համարեն վիրավորական: Բայց ուզում եմ ասել, որ որեւէ մեկին վիրավորելու միտում չունեմ, պարզապես պարտավոր եմ իրերը կոչել իրենց անունով: Ասեմ ավելին, եթե որեւէ մեկը իմ ելույթի որեւէ հատվածից անձնական առումով, կրկնում եմ՝ անձնական առումով վիրավորած է զգացել, ես ներողություն եմ խնդրում: Բայց իրողությունները սրանից չեն փոխվում:

Սահմանադրական դատարանի շուրջ, այո, ստեղծվել է ճգնաժամ, որը ավելի լայն ճգնաժամ դառնալու վտանգներ է պարունակում, բայց ուզում եմ ասել, որ դուք ինքներդ՝ ՍԴ անդամներդ, կարող եք լուծել այդ ճգնաժամը՝ մեծ ծառայություն մատուցելով պետությանը եւ ժողովրդին, գնահատելի ծառայություն մատուցելով:

Դուք՝ խոսքս Սահմանադրական դատարանի անդամների, հին կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների մասին է, ահա դուք բոլորդ կարող եք հրաժարական ներկայացնել ՍԴ անդամի կարգավիճակից: Դա կարող եք անել այսօր, վաղը, կարող եք անել մինչեւ հանրաքվեի մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ստորագրելը:

Ի դեպ, ուզում եմ ասել, որ մենք ՍԴ ճգնաժամի լուծման հարցով քննարկումներ ենք ունեցել Հանրապետության նախագահի հետ եւ համոզվել, որ նա համաձայն է տվյալ իրավիճակը հանրաքվեով լուծելու առաջարկվող բանաձեւի հետ, ինչի մասին կարծում եմ ինքը կհայտարարի:

Ահա, ուրեմն, Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ, դուք կարող եք հրաժարական ներկայացնել մինչեւ Հանրապետության նախագահի կողմից տվյալ որոշման ստորագրումը եւ դրանով մեծ ծառայություն մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին:

Ասեմ նաեւ, որ պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ՝ առանց բացառության, առանձին-առանձին, կամ բոլորով՝ այս հարցը, նրա մանրամասները քննարկելու համար: Կարող եմ խնդրել ձեզ անել այդ քայլը՝ անձամբ, ձեր աչքերի մեջ նայելով եւ կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելուն ձեր աջակցությանը:

Եթե դա ձեզ համար ընդունելի է՝ շատ լավ, եթե դա ձեզ համար ընդունելի չէ, ուրեմն հարցը, համոզված եմ, կլուծի Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, որովհետեւ՝ Սահմանադրությունն է ժողովրդի համար եւ ոչ թե ժողովուրդը Սահմանադրության:

Ուզում եմ ընդգծել, որ հանրաքվեն դիտարկելու համար մենք պատրաստ ենք հրավիրել միջազգային ամենաառաջատար դիտորդական կազմակերպությունների՝ Եվրոպայի խորհրդից, ԵԱՀԿ-ից, Եվրոպական միությունից, ԱՊՀ-ից եւ այլ կառույցներից, եւ որեւէ կասկած չկա, որ ժողովրդի ազատ կամքի արտահայտման բոլոր երաշխիքները կստեղծվեն, չնայած այսօր արդեն այդ երաշխիքները Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են: Վկան՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ազատ, արդար, թափանցիկ ժողովրդավարական ընտրությունները, որոնք առաջինն էին, որոնց արդյունքներն ի դեպ չբողոքարկվեցին ՍԴ-ում որևէ մեկի կողմից և նրա արդյունքները կասկածի տակ չդրվեցին ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո հանրային որևէ խմբի կամ որևէ շրջանակի կողմից: Սա նշանակում է մեկ բան և կարևոր եմ համարում այս ամբիոնից այդ մեկ բանը արձանագրելը:

Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է:

Եւ ուրեմն՝

Կեցցե' Ազատությունը,

Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե'նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: