Հունգարիան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ` միջազգային կազմակերպությունների որոշումներին լիովին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Հունգարիայի դեսպան Գաբոր Սագին (նստավայրը` Թբիլիսի):
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին` ղարաբաղյան հակամարտության մասին բանաձեւի գոյության վերաբերյալ, հունգար դիվանագետը հաստատել է. «Ձեր հարցի կապակցությամբ կցանկանայի հայտնել հետեւյալ փաստերը, որոնք ինձ հայտնի են դարձել Հունգարիայի Ազգային Ժողովից ստացած տեղեկություններից:
Ընդդիմադիր «Յոբբիկ» կուսակցության (աջեր) երեք անդամներ` Գաբոր Վոնան, Մարտոն Գյոնգոսին եւ Տամաշ Հեգեդուշը իսկապես ներկայացրել են բանաձեւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Նախագիծը նախ պետք է քննարկվեր արտաքին գործերի հանձնաժողովում: Սակայն հանձնաժողովը մտադիր չէ այն ներկայացնել օրակարգ: Անգամ եթե հանձնաժողովը քննարկի այդ թեման, նման բանաձեւը դրվում է լիագումար նիստի օրակարգում միայն այն դեպքում, եթե հանձնաժողովը միաձան աջակցի դրան: Դա քիչ հավանական է»,- ասված է դեսպանի պատասխանում:
Բանաձեւի գոյության մասին հայտարարել էր ադրբեջանական եւ թուրքական մամուլը: Հեգեդուշը հայտարարել էր, թե բանաձեւը շուտով դրվելու է քննարկման:





























