«Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունը, որի առաջնորդն է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, կարող է հավաքել առավելագույն թվով պատգամավորական մանդատներ ադրբեջանական խորհրդարանի նոր կազմում: Այդ մասին վկայում են ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates ընկերության էքզիթփոլի արդյունքները, որոնք հրապարակվել են կիրակի հանրապետությունում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր հաշվարկով՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության թեկնածուները հավաքում են ձայների մեծամասնությունը 69 ընտրատեղամասերում (125-ից)»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

Arthur J. Finkelstein & Associates-ի տվյալներով՝ եւս 41 մանդատ կստանան անկախ թեկնածուները: Ամերիկյան ընկերության սոցիոլոգներն ընդհանուր առմամբ այցելել են 1053 ընտրատեղամասեր: Հարցման սխալի հավանականությունը կազմում է 3.6-3.9 տոկոս:

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են նախագահ Իլհամ Ալիեւի կողմից անցած տարվա վերջում խորհրդարանի ինքնալուծարման հետեւանքով: Քվեարկությունն անցկացվել է մեծամասնական համակարգով: Միապալատ խորհրդարանում 125 տեղի համար պայքարում է 1314 թեկնածու: Նրանցից 11-ն առաջադրվել են ընտրողների նախաձեռնողական խմբերի կողմից, 246-ը՝ 19 քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ 1057 թեկնածու ինքնառաջադրվել է: Ընտրացուցակներում ներառված է 5.3 մլն քաղաքացի: Ըստ օրենքի՝ մասնակցության համար շեմ սահմանված չէ, այդ իսկ պատճառով ընտրությունները կհամարվեն կայացած քվեարկածների ցանկացած քանակության դեպքում:

Ընտրություններին ներկայացված է եղել 883 կրեդիտավորված դիտորդ, որոնք ներկայացրել են 59 միջազգային կազմակերպություններ: Ամենաբազմամարդ առաքելությունը՝ 380 մարդ, ուղղել է ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների գործով Բյուրոն: ԱՊՀ առաքելությունը կազմված է 252 փորձագետից, Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովինը՝ 25 դիտորդից: Տեղական դիտորդների թիվը գերազանցել է 77 հազարը, նրանց ավելի քան 30 հազարը ներկայացրել է երկրի քաղաքական կուսակցությունները: