Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին։ Կիրակի Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիրը, իսկ նրա աշխատակազմը, թերեւս արձագանքելով իրավաբանական հանրույթի  զգալի մասի բողոքին, պարզաբանում է տարածել, ըստ որի՝ նախագահի դերն ընթացակարգային է, իսկ Ազգային ժողովի որոշման վավերացումը չի ենթադրում, թե նա կողմ կամ դեմ է այդ հանրաքվեին։

Անտեսելով մասնագիտական ու քաղաքացիական ծանրակշիռ փաստարկները, նախագահն այնուհանդերձ ստորագրեց հանրաքվեի հրամանագիրը, Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Մեր երկրում լրջորեն խաթարված է սահմանադրական կարգը, զուգահեռաբար՝ ամբողջ թափով ընթանում է ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքի գեներացումը, որը նոր շունչ ստացավ «շնաբարո դուրսպրծուկներ» ու «հակապետական ուժեր» վարչապետական ազդանշաններով, նշել է Մելիքյանը։

Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները աբսուրդային է որակել Գերմանիայում աշխատող իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։ Աշխատանքից ազատվող դատավորներն ունեն իրենց խախտված իրավունքների պաշտպանության իրավունք եւ այդ դատը Հայաստանը տանուլ է տալու ՄԻԵԴ-ին,- նշել է նա։

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ծավալուն հրապարակման մեջ շարադրել է այն խախտումները, որոնց հիմքով Նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեի դրվող նախագիծը։ Մարուքյանն առանձնացրել է ընթացակարգային եւ բովանդակային խախտումների երկու խումբ եւ խոստացել շարունակել հրապարակումները։

Իշխող կառավարման համակարգը շատ արագ տեմպերով վերածվում է անձնիշխան համակարգի, NEWS.am-ին ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։  Ըստ նրա՝ դատական իշխանությունում մեկ մարմին է մնացել, որ չի ցանկանում ենթարկվել անձնիշխան համակարգին, դա Սահմանադրական դատարանն  է, ուստի վարչապետն ամեն ինչ անում է, որ այն ևս մտնի անձնիշխան համակարգի մեջ։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որպես նոր կենտրոնամետ քաղաքական կուսակցության ղեկավար, հանդես է գալու Փաշինյանի կառավարության նկատմամբ ընդդիմության դիրքերից։  «Գաղափարախոսության եւ ծրագրերի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդույթներն ու առաջընթացը»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Վանեցյանը: Հայաստանում, ըստ նրա, լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ կան,  իսկ կառավարությունը հեռացել է «թավշյա հեղափոխության» նպատակներից:

Իսկ երկուշաբթին Երեւանում սկսվել է հերթական բողոքի ցույցերով։ Շուրջ մեկ տասնյակ երթուղիների վարորդները գործադուլ են սկսել, պահանջելով վերանայել իրենց աշխատանքային պայմանները։ Վարորդները բողոքում են գազիմ մեքենայի յուղի եւ պահեստամասերի թանկանալուց, պնդելով, որ օրվա պլանը չեն կարողանում կատարել։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի հետ զրույցից հետո վարորդները համաձայնել են 10 օր եւս աշխատել, սակայն եթե ոչինչ չփոխվի, նորից ոտքի են կանգնելու:

Ոստիկանների եւ բնակիչների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Բնակիչները թույլ չէին տալիս քանդել իրենց ավտոտնակները: Խնդիրն այն է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման նպատակով, այս թաղամասում գտնվող ավտոտնակները շինտեխնիկայով քանդում են: Մարդիկ պահանջում են փոխհատուցել, հետո քանդել իրենց գույքը։

Դատարանը բավարարել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Վերմիշյանը մեղադրվում է 5 դեպքով  1-ից 2,5 միլիոն դրամի չափով կաշառակերության համար։

Պաշտպանության Բանակի զորամասերից մեկում կիրակի, նախնական տեղեկություններով, զինվոր է հանկարծամահ եղել. Վալերի Նելսոնի Պետրոսյանը Ստեփանակերտից էր։ NEWS.am-ի հետ զրույցում զինվորի ազգականը պնդել է, որ նա առողջ է եղել եւ անհասկանալի է, թե ինչու պետք է հանկարծամահ լիներ։ Զինվորն, ի դեպ, նախօրեին էր խոսել մայրիկի հետ, հավաստիացրել, որ ամեն ինչ լավ է։

Սյունիքում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մնացած 4 պայմանագրային զինծառայողների հետ դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, խրամատների մոտ։ Զինծառայողներից միակ ողջ մնացած Համլետ Միրզոյանը պատմել է, որ իրենց ոտքերի տակ ձյան շերտը բացվել է եւ իրենք գահավիժել են։ Շատ խորն էր ձյան շերտը, չէինք կարողանում բարձրանալ, ասել է նա, որի օգնության կանչերով են գտել տղաներին։

Կիրակի երեկոյան կրակոցներ են հնչել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։  Հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բուժկենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել են: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, թե այդ կրակոցներն ու սպանությունները վենդետա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին է հայտարարել Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: Ըստ կանխատեսումների՝ իշխող կուսակցությունը ստանում է Միլի մեջլիսի 125 տեղից 65-ը: Ընտրություններին մասնակցությունը 47,81 տոկոս է: Տվյալները հիմնականում Exit poll-ինն են, ԿԸՀ-ն չի շտապում հրապարակել արդյունքները։ Մնացյալը հիմնականում անկախ թեկնածուներ են, ընդդիմության զգալի մասը բոյկոտել է ընտրությունները եւ արձանագրել բազմաթիվ խախտումներ։

Ադրբեջան ընտրություններում, չնայած թեկնածուների մեծ թվին, իրական մրցակցություն չկար, հայտարարել են ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Ըստ նրանց՝ օրենսդրական սահմանափակումները խոչընդոտում էին իրական մրցակցությանը եւ ընտրությունը անաչառ համարվել չի կարող։

Սիրիական ավիացիայի հարձակմանը զոհ է գնացել 5 թուրք զինվորական։ Վիրավորվել է եւս 5-ը։  Ի դեպ, 10 օր առաջ եւս Իդլիբում սիրիական օդուժի ռմբակոծության ժամանակ դարձյալ 5 թուրք զինվորական էր սպանվել։

Լոս Անջելեսում կայացած  92-րդ «Օսկար» կինոմրցանակաբաշխության սենսացիան կորեացի ռեժիսոր Պոն Չժոն Հոյի «Մակաբույծները» ֆիլմն էր։ Սոցիալական դրաման «Օսկարի» արժանացավ չորս գլխավոր անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օտարալեզու ֆիլմ»։ Օտարերկրյա ֆիլմն առաջին անգամ էր արժանանում կիոնաակադեմիայի ամենաբարձր մրցանակին։ Բրեդ Փիթն իր առաջին «Օսկարը» ստացավ Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։ «Լավագույն դերասանը» Խոակին Ֆենիքսն էր՝  «Ջոկեր» ֆիլմում դերի համար։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Լորա Դերնն «Ամուսնական պատմություն» ֆիլմում աշխատանքի համար, «Լավագույն դերասանուհին»՝ Ռենե Զելվեգերը, «Ջուդի» ֆիլում Ջուդի Հարլենդի դերի համար։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով եւ կազմել 478.98 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.32 դրամով ու հասել 524.48 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել  618.55 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 7.49 դրամ։

Հայաստանում փետրվարի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Չորեքշաբթի կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -13-15, վաղը ցերեկը` -2-4: