ԵԱՏՄ երկրների՝ վետոյի իրավունքից հնարավոր հրաժարվելու հարցում քաղաքական համատեքստ չկա: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

Սիմոնյանը հիշեցրեց ԵՏՀ խորհրդի ղեկավարի խոսքերն այն մասին, որ կառավարությունը քննարկում է որոշ հարցերի շրջանակում վետոյի իրավունքից հրաժարումը եւ այդ իրավունքի փոխանցումը վերազգային կազմակերպության: Նա հետաքրքրվեց՝ ինչ հարցերի շրջանակում է քննարկվում այդ պրոցեսը:

Փոխվարչապետը պատասխանեց, որ այդ հարցը քննարկվել է եւ դեռ կքննարկվի: «Այն ավելի շատ քննարկվել է հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, այսինքն՝ դա նման քաղաքական համատեքստ չի ունեցել: Խնդիրն այն է, որ շատ դեպքերում հանձնաժողովի ցանկացած գործառույթ դառնում է զրոյական, քանի որ կառավարություններից մեկը վետո է դնում, եւ որոշումն ուղղակի չի իրականացվում»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Նա նաեւ նշեց, որ օրակարգում ռազմավարական հարցն է այն մասին, թե արդյոք հանձնաժողովը լիազորություններ ունի չեղարկելու վետոն կամ բացառելով վետոյի իրավունքը:

«Տվյալ պահին այդ հարցով կոնկրետություն չկա: Այն դեռ գտնվում է ռազմավարական քննարկման փուլում: Ինչ-որ պահի մենք կհայտնենք հասարակությանը: Սակայն կարծում եմ, որ հարցը վերաբերում է ոչ այնքան քաղաքականությանը, այլ հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությանը»,- հավելեց փոխվարչապետը: