Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բանկերի կողմից գյուղացիներին տրվող բարձր տոկոսադրույքներով վարկեր տալու հարցը լղոզեց: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին ԲՀԿ պատգամավորներից մեկի կողմից կառավարությանն ուղղված հարցին:
«Մեր պատգամավորը նշեց, որ եկել են գումարներ 0 տոկոս եւ 0,25 տոկոսով գումարներ 400 մլն եւ 200 մլն-ի գյուղատնտեսության զարգացման համար, փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար: Եթե եկել է Կենտրոնական բանկ, ԿԲ-ն իրավունք ունի մեկ տոկոս ավելացնելու, մեկ տոկոս էլ թող ավելացնի այն բանկը, որին կտրամադրեն այդ գումարները: Դա դառնում է 2 տոկոս, թող երկու տոկոսով տրամադրեն գյուղատնտեսության զղարգացման համար: Այդ գումարները եկել են, թող պարոն Գրիգորյանը բացի, տեսնի, թե որ թվականին է եկել, ոնց է եկել, իսկ գյուղացիները ասում են, որ այդ գումարները ստացել են 20 տոկոսով, 22-24-26-30-35 տոկոսով»,-ասաց Ծառուկյանը:
Նա առաջարկեց լսումներ կազմակերպել ու հասկանալ, թե որքանով են գյուղացիները ճիշտ ասում. «Այսօր գյուղացիների ամբողջ ունեցվածքը մնացել է բանկերին, քանի որ գրավ են դրել: Եթե այդպես է, պետք է միջոցներ ձեռնարկել, այդ գրավները հետ վերադարձնել, հանձնել գյուղացուն: Թե չե գյուղացին 5 անգամ ավել արդեն վճարել է, մինչեւ հիմա էլ պարտքի տակ է, ոչ տունն է իրենը, ոչ էլ հողատարածքը: Այո, ժողովրդի հաշվին գերշահույթ են ստացել, բոլորը պետք է պատասխան տան: Ես սա ասում եմ, որ Մհեր Գրիգորյանը լսի, մեզ ներկայացնի իր մոտեցումը այս հարցում եւ թե որն է անելիքները»:











