Վրաստանի խորհրդարանական ազգային գրադարանում ապրիլի 20-ին տեղի կունենա «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժողովածուում տեղ են գտել Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր:

Հրատարակությունն ընդգրկում է 1914-1918 թթ ժամանակահատվածը, ինչն ընթերցողին թույլ է տալիս հետեւել իրադարձությունների ընթացքին նախապատերազմյան տարվա հունվարից, Առաջին աշխարհամարտին Թուրքիայի ներգրավվելուց մի քանի ամիս առաջ, մինչեւ 1918 թվականի մայիս, երբ նախկին Ռուսական Կայսրության տարածքում իրենց անկախությունը հռչակեցին Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Ժողովածուում ժամանակագրական կարգով ներկայացված են այն կարեւորագույն տվյալները, որոնք այն ժամանակների վրացական պարբերականների շնորհիվ մեզ են հասել վերլուծական հոդվածների եւ փաստերի արձանագրման տեսքով:

Հրատարակության գլխավոր նպատակը վրաց ընթերցողին կոնկրետ թեմատիկայի հետ կապված Խորհրդարանական հանրային գրադարանի արխիվներում պահպանված նյութերին ծանոթացնելն է:

Գրքի ստեղծման գաղափարը եւ ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են Վրաստանի Հայ Համայնք եւ  Վրաստանի Հայ ուսանողների միություն հասարակական կազմակերպությունները: