Չինական Huawei ընկերությունը գործարան կկառուցի Ֆրանսիայում՝ անկախ կառավարության այն որոշումից, թե օգտագործի արդյոք նրա սարքավորումները 5G նոր ցանցի ստեղծման համար, հայտնել է չինական հեռակոմունիկացիոն հսկայի ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը։
Աշխարհում խոշորագույն հեռակոմունիկացիոն սարքավորումներ արտադրող հսկան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ծրագրում է գործարան կառուցել Ֆրանսիայում, որպեսզի թուլացնի մտահոգությունն ամբողջ աշխարհում՝ կապված ԱՄՆ այն մեղադրանքների հետ, թե Պեկինը Huawei-ի սարքավորումները կարող է լրտեսության համար օգտագործել։ Ընկերությունը հերքում է այն մեղադրանքները, թե իր սարքավորումները սպառնալիք են հանդիսանում անվտանգության համար։
Huawei-ը հայտարարել է, որ 200 մլն եվրո կծախսի բջջային բազային կայանների արտադրման գործարանի կառուցման առաջին փուլում։
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մարեն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Huawei-ի գործարանի կառուցումը չի ազդի 5G սարքավորումների երեք հիմնական արտադրողների հանդեպ կառավարության դիրքորոշման վրա։ «5G-ի հարցով դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք չենք խտրականացնի ոչ մի ընկերության՝ ոչ չինական, ոչ ամերիկյան։ Մենք պարզապես հետեւում ենք մեր անվտանգ եւ ռազմավարական շահերին»,- հավելել է նա։





























