«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը գտնվում է Հայաստանում, փաստաբանները երեկ հանդիպել են նրա հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեցին Վարդանյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը։
Ճշտող հարցին՝ կոնկրետ որտե՞ղ է Վարդանյանը, փաստաբանն ասաց. «Մենք գնացել ենք Ոստիկանություն, սակայն նա այնտեղ չէր։ Նա Հայաստանում է գտնվում։ Մենք իր հետ երեկոյան հանդիպել ենք, որեւէ խնդիր չկա»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Արամ Վարդանյանը վերջին շրջանում մի քանի անգամ հրավիրվել է Ոստիկանություն եւ ներկայացել է բոլոր դեպքերում. «Երեկվա գործողությունները որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում»։
Վարոսյանը պատմեց՝ երբ փաստաբանները հարցրել են ոստիկաններին, թե ինչու են նմանատիպ գործողություններ իրականացնում Վարդանյանի տանը, ոստիկաններից մեկը փաստաբանին ասել է. «Ինչ անում ենք, լավ ենք անում»։
Նշենք, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:
Փաստաբանները գործողությունները որակում են խուզարկություն՝ առանց դատարանի թույլտվության։
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։











