ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով տեղեկացրել է, որ երկրները սիրիական Իդլիբում լարվածության խնդրի ընդունելի լուծում են գտել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ոչ միշտ ենք համաձայն մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում կատարվածի մեր գնահատականներում, սակայն ամեն անգամ ծայրահեղ պահերին, հենվելով երկկողմ հարաբերությունների ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մեզ միշտ հաջողվել է շփման եզրեր գտնել վիճելի հարցերի վերաբերյալ, հասնել ընդունելի լուծումների։ Այդպես տեղի ունեցավ նաեւ այս անգամ»,- հայտնել է Պուտինը։
Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդների անձնական սերտ համագործակցությունը թույլ է տալիս գտնել միջազգային խնդիրների լուծման ընդհանուր մոտեցումներ, ասել է Պուտինը։
Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայի կարգավորման հարցով համատեղ փաստաթուղթ են համաձայնեցրել։ «Մեր բանակցությունների արդյունքներով մենք համաձայնեցրել ենք համատեղ փաստաթուղթ, որի դրույթները կհրապարակեն արտգործնախարարները։ Դրանում շարադրված են այն լուծումները, որոնք մենք պարոն Էրդողանի հետ միասին մշակել ենք այսօրվա ավելի քան վեց ժամանոց խերհրդակցությունների ընթացքում»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդի բառերով՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի գագաթաժողովի պայմանավորվածությունները պետք է վերջ դնեն Սիրիայի խաղաղ բնակչության տառապանքներին։ «Հույս եմ հայտնում, որ այս պայմանավորվածությունները լավ հիմք կծառայեն ապառազմականացման իդլիբյան գոտում ռազմական գործողությունների դադարեցման համար, վերջ կդնեն խաղաղ բնակչության տառապանքներին եւ հումանիտար ճգնաժամի աճին, պայմաններ կստեղծեն Սիրիական Արաբական Հանրապետությունում բոլոր հակամարտող կողմերի խաղաղ գործընթացը շարունակելու համար։ Էրդողանի հետ բանակցությունները հեշտ չէին, սակայն դրական ավարտ ունեցան»,- հայտարարել է նա։




























