Մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկեց Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու համար նախատեսված օրինագծերի փաթեթին, համաձայն որի` ատելության քարոզչությունը եւ երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերող կոչերը Հայաստանում քրեորեն կպատժվեն, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Քվեարկության ընթացքում 91 խորհրդարանական աջակցել է այս օրենսդրական նախաձեռնությանը, եւս 21-ը ձեռնպահ է մնացել:
Ըստ օրենսդրական փաթեթի, գենդերային, ռասայական, էթնիկական կամ սոցիալական, գենետիկական բնութագրերի, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, սեփականության կարգավիճակի, ծննդյան, հաշմանդամության, տարիքի, սոցիալական կամ անձնական այլ բնութագրերի հիմքով անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հանրային կոչերը կհետապնդվեն քրեական կարգով:
Բացի այդ, նման պահվածքի հրապարակային արդարացումը նույնպես հետեւանքներ կունենա: Այս դեպքում քաղաքացին կամ այն անձինք, ովքեր հրապարակայնորեն բռնության կոչերով են հանդես եկել, պատժի կենթարկվեն տուգանքով` 50 կամ 100 հազար դրամի չափով, կամ կալանքի տեսքով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկման` մինչեւ մեկ տարի ժամկետով:
Եթե այդ գործողությունները կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, կամ պաշտոնական դիրքի չարաշահմամբ, պատիժը 100-300 հազար դրամ տուգանք կլինի, կամ կալանք` 1-ից 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` 1-ից 3 տարի ժամկետով, կամ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում 1-ից 3 տարի ժամկետով:





























