Մարտի 6-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

88 պատգամավոր կողմ քվեարկեց օրինագծին, 14-ը՝ դեմ, 3-ը ձեռնպահ մնացին:  

Ավելի վաղ ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ գործող կարգավորումների պայմաններում գործունեության մասին ամենամյա հաշվետվությունը ներկայացնում են միայն այն ՀԿ-ները, որոնք հանրային միջոցներից ֆինանսավորում են ստանում: Սակայն այսուհետ բոլոր ՀԿ-ները պարտավոր կլինեն ՊԵԿ-ին տարեկան հաշվետվություն ներկայացնել՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից:

Տվյալ օրինագծով հստակեցվում են նաեւ հաշվետվությունում նշված տեղեկատվության վերաբերյալ պահանջները: Այսպես, ՀԿ-ն, որը հանրային միջոցներից ֆինանսավորում է ստանում, պետք է ոչ միայն բացահայտի ծրագրերը, որոնց շրջանակում ստանում է տվյալ ֆինանսավորումը, այլ նաեւ նշի ֆինանսավորման աղբյուրները: Մնացած ՀԿ-ները ՊԵԿ լիազորված մարնին տեղեկատվություն կներկայացնեն ծրագրերի մասին, որոնց շրջանակում ստացել են գումարային եւ գույքային միջոցներ՝ առանց ֆինանսավորման աղբյուրները նշելու:

Բացի այդ, եթե գործող կարգավորումների պայմաններում ՀԿ-ները տարեկան հաշվետվությունում նշում են իրենց անդամների եւ կամավորների թիվը տարվա սկզբին, ապա այժմ նրանք պարտավոր են ներկայացնել թիվը տարեվերջյան զեկույցում: Ընդ որում, հարկային մարմինը կպահանջի նշել ՀԿ-ում առնվազն 20 ժամ աշխատող կամավորների եւ նրա հետ պայմանագրային աշխատանքային հարաբերություններ ունեցողների թիվը: