Android օպերացիոն համակարգով միլիարդից ավելի սարքեր կարող են կոտրել, նախազգուշացնում են փորձագետները, հայտնում է Independent-ը: 

Բանն այն է, որ սմարթֆոններից շատերը, որոնք ակտիվորեն օգտագործվում են եւ համեմատաբար վերջերս են գնվել, այլեւս չեն աջակցվում անվտանգության թարմացումներով, հետեւաբար չեն ստանում խափանումներն ուղղելու հնարավորություններ:

Սա նշանակում է, որ Android-ով հեռախոսները կարող են տուժել խափանումներից, որոնք արդեն լայնորեն տարածվում են, եւ համեմատաբար հեշտ կենթարկվեն հաքերային հարձակումների:

Which? Սպառողների խմբի զեկույցի համաձայն՝ Android օպերացիոն համակարգի օգտատերերի մոտ 40 տոկոսն օգտվում է ծրագրային ապահովման հին տարբերակներից, որոնք Google-ից այլեւս անվտանգության թարմացումներ չեն ստանում:

Android-ը ամենատարածված օպերացիոն համակարգն է, եւ ըստ սպառողների խմբի զեկույցի՝ հենց այս պատճառով սմարթֆոնների պոտենցիալ միլիոնավոր օգտատերեր տվյալների գողության եւ այլ կիբեռհարձակումների սպառնալիքի տակ են: