Այսինքն, մենք պետք է սահմանները փակենք ու ասենք, որ մերժված քաղաքական գործիչներն իրավունք չունե՞ն լքել ՀՀ սահմանները, իսկ նրանց հետ հանդիպել ցանկացողների փոխարեն էլ որոշենք, որ չպետք է հանդիպեն մերժված քաղաքական գործիչների հե՞տ: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի մասին:
«Ինձ թվում է, որ դա տրամաբանական չի լինի: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է անձը բացակայել երկրից, եթե ստորագրություն է եղել չհեռանալու մասին, ապա այդ հարցի հասցեատերը մենք չենք ու դրա պարզաբանումները հուսով եմ տրվել են համապատասխան քննություն իրականացնող մարմնի կողմից: Մնացածը հանդիպող կողմերի կամքի վրա է, մենք ոչ գործիքակազմ ունենք, ոչ էլ ցանկություն դրան միջամտելու համար»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք այդտեղ միտում չի տեսնում՝ հաշվի առնելով, որ այդ հանդիպումներից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աոտյանի ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով՝ չուրախանաք, վերադառնում ենք, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. «Եթե ես պարոն Աշոտյանի բոլոր գրառումներից հետո միտումներ տեսնեմ, երեւի ամբողջ օրը պետք է այդ միտումների մեկնաբանությամբ զբաղվեմ, ոչ թե իմ աշխատանքով»:
«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր էլ՝ Սիսակ Գաբրիելյանը, իր հերթին նշեց. «Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն դեռ ունի»:











