Զատիկը վախերից ազատվելու լավագույն օրն է: Այսօր` ապրիլի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: «Զատիկը կանացի ուժ ունի իր մեջ եւ այդ ուժը մարդը կարող է օգտագործել ազատվելու վախերից, մեղքերից, կոմպլեքսներից»,- ասաց նա:
Աստղաբանի խոսքով`երբ Լուսինը 1-15 օրական է լինում, դա լավագույն շրջանն է ազատվելու վախերից, սթրեսներից եւ բարդույթներից: Իսկ ապրիլի 19-29-ն ընկած ժամանակահատվածն, ըստ նրա, լավագույնն է, որ մարդը կարողանա ինքն իրեն տիրապետել, ազատվել իրեն հուզող վախերից ու տագնապներից:
Միաժամանակ, աստղաբանը նշեց, որ յուրաքանչյուր բացասական հատկություն, որ կարող է ձեռք բերվել այս ժամանակահատվածում, կարող է հետագայում խորքային լինել եւ մարդը դժվար կազատվի դրանից: Գուրգեն Հովհաննիսյանը խորհուրդ տվեց կրել տոպազ եւ ամետիստ, քանի որ այդ քարերը օգնում են մարդուն ազատվել վախերից:
Բանախոսը նշեց, որ Զատիկի տոնն ունի հնագույն անցյալ, գալիս է հեթանոսական ժամանակներից: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանո՞վ ենք պահպանում հեթանոսական Զատիկը մեր օրերում, աստղաբանը պատասխանեց, որ մենք պահպանում ենք արտաքինը, սակայն խորքայինը` ոչ:
Բառը կազմված է «զատել» բառից, ընդունված է ասել, որ զատում ենք գարունը ձմռանից, եւ սկսվում է նոր տարեփուլը, բայց էզոթերիկ իմաստով` զատում են ժամանակավորը հավերժականից, լույսը` խավարից, չարին` բարուց:
Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ Զատիկը կապված է հնագույն դիցուհի, աստվածների մայր Անահիտի հետ: Ըստ լեգենդի`Եփրատի ջրերի մեջ ընկած ձվից ծնվում է Անահիտը, այդ իսկ պատճառով էլ հնագույն նկարիչները Անահիտ դիցուհուն պատկերում էին ոսկեգույն: Ըստ որում` ձվի դեղնուցը համարվում է ոսկին, իսկ սպիտակուցը` արծաթը:




























