Microsoft-ը գործընկերների հետ միասին զոմբիների բոտերի միջազգային ցանց է լիկվիդացրել, հայտնում է BBC-ն:
Necurs botnet-ն ավելի քան ինը միլիոն համակարգիչ է վարակել: Necurs-ը պատասխանատու է բազմաթիվ ավազակային գործողությունների համար, այդ թվում նաեւ`անձնական տեղեկությունների գողության եւ կեղծ էլեկտրոնային նամակներ ուղարկելու համար:
Կիբերհանցագործներն օգտագործում են բոտետեթները` ինտերնետին միացված սարքերի հեռակա առեւանգման եւ վնասատու ծրագրային ապահովման տեղադրման համար:
Ծրագրային ապահովումը կարող է օգտագործվել սպամեր ուղարկելու կամ առանց սեփականատիրոջը տեղեկացնելու տեղեկատվություն ջնջելու համար:
Microsoft-ի անվտանգության եւ հաճախորդների վստահության հարցերով փոխնախագահ Թոմ Բյորթն իր բլոգում հայտարարել է, որ Necurs-ի վերացումը 35 երկրներից գործընկերների հետ պլանավորման եւ համաձայնեցման 8 տարվա արդյունք է: Նա գրել է, որ ձեռնարկված քայլերը «երաշխավորում են, որ այս ցանցի հանցագործներն այլեւս չեն կարող օգտագործել իրենց ենթակառուցվածքների հիմնական տարրերը կիբերհարձակումներ իրականացնելու համար»:
Բոտնետերը ինտերնետին միացված սարքերի ցանցեր են, որոնք ավտոմատացված առաջադրանքներ են կատարում: Կիբերհանցագործներն օգտագործում են այս ցանցերը` վնասակար ծրագրային ապահովում ուղարկելու համար, որը նրանց համար հեռակա մուտք է ապահովում համակարգիչ: Ծրագրերը տեղադրելուց հետո հանցագործները կարող են համակարգչից տեղեկատվություն ստանալ կամ վարակված սարքեր օգտագործել` նոր գրոհներ կամ սպամ ուղարկելու համար: Երբ սարքն արդեն վարակվել է եւ օգտագործվել նոր սպամ գրոհներ կամ վնասատու ծրագրեր ուղարկելու համար, այն կոչվում է զոմբի:
Necurs-ն առաջին անգամ հայտնվել է 2012 թվականին: Համարվում է, որ ցանցում արդեն ավելի քան ինը միլիոն զոմբի համակարգիչ կա:
Այս ցանցի զարգացման համար Necurs-ն օգտագործել է դոմենների գեներացման ալգորիթմը, որը պատահական դոմենային անուններ է ստեղծել, որոնք խումբը վերածել է վեբ կայքերի: Այն այդ կայքերն օգտագործել է իր վարակված համակարգիչների բանակին հրահանգներ ուղարկելու համար:
Microsoft-ը եւ նրա գործընկերները կարողացել են կոտրել Necurs ալգորիթմը եւ կանխատեսել, թե որ դոմենային անուններն են օգտագործվելու առաջիկա ամիսներին, եւ արգելափակել են դրանք:





























