Մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ազգային անվտանգության մարմինների թանգարանում հանդիսավոր կերպով փոխանցեց լեգենադար հետախույզ Գոհար Վարդանյանի զարմուհուն` Անահիտ Փահլեւանյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգեւատրված Գ. Վարդանյանի  Պատվո շքանշանը:

Է. Մարտիրոսյանը ԱԱԾ աշխատակիցների անունից իր երախտիքի եւ շնորհակալական խոսքը ուղղեց ականավոր հետախույզի հարազատներին:

«Մենք բարձր ենք գնահատում Գեւորգ եւ Գոհար Վարդանյաների աշխատանքը, անվտանգության մարմիններում անբասիր գործունեությունը, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայություններն ու անմնացորդ նվիրումը: Նրանք մեծ ավանդ են ներդրել երկրի ազգային շահերի եւ անվտանգության համար, ու մեր բոլորի հիշողություններում իրենք կմնան որպես հայրենիքին նվիրյալ հերոսներ», – ասաց Է. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար՝  Ա. Փահլեւանյանը, նշեց, որ անչափ հպարտ եւ ուրախ է, որ Վարդանյանների կատարած ահռելի աշխատանքն ու հայրենիքին մատուցած ծառայությունը նման բարձր գնահատականի արժանացան իրենց հայրենիքում:

«Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սովորեցնում էին լինել պարտաճանաչ, բարի, մարդասեր եւ լավատես: Այդպիսին էին Գեւորգ եւ Գոհար Վարդանյանները: Հայրենասեր եւ ուժեղ, անվախ եւ վճռական այդ զույգն անցել է բարդ եւ դժվարին ճանապարհ», – ասաց Ա. Փահլեւանյանը:

Վարդանյանների հարազատները հետմահու պարգեւատրած Պատվո շքանշանը ի պահ տվեցին ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանին: