iPhone 12-ի, համենայնդեպս, մեկ մոդել ստանալու է միանգամայն նոր 3D խցիկ, որն օգտատերերին նոր հնարավորություններ կառաջարկի, հայտնում է IXBT-ը՝ վկայակոչելով չինական աղբյուրներին:
Աղբյուրների պնդմամբ՝ այս 3D խցիկը լազերների եւ հաղորդիչների համակարգի, ինչպես նաեւ համապատասխան ծրագրային ապահովման համակցություն է: Հեռախոսի եւ օբյեկտի միջեւ հեռավորությունը չափելով՝ խցիկը թույլ կտա ունենալ նոր լուսա եւ տեսաէֆեկտներ, ինչպես նաեւ բարելավել լրացուցիչ իրականությունից օգտատերերի տպավորությունները:
Հնարավոր է՝ 3D խցիկը ստանա World Facing անվանումը, Apple-ի ինժեներները դրա մշակմամբ զբաղվում են արդեն ավելի քան 2 տարի: iPhone 12-ի 3D խցիկի հիմնական բաղադրիչների մատակարարն է Lumentum ընկերությունը:
Եթե խոսելու լինենք գործնական կիրառության մասին, ապա աղբյուրները նշում են ավելի որակյալ դիմանկարային ռեժիմը: Լուսանկարները որակով համեմատելի կլինեն պրոֆեսիոնալ խցիկով կատարված լուսանկարների հետ: Օգտատերերին հասանելի կլինեն տարբեր էֆեկտներ, հնարավոր կլինի կարգավորել դրանց աստիճանն ու դիապազոնը:
Ակնկալվում է, որ iPhone 12-ը ներկայացվելու է սեպտեմբերին:





























