Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլ երկրներին հասցեագրած մեղադրանքներով հանդես գալու փոխարեն, պետք է վերանայի ԱՄՆ զինված ուժերի վարքագիծը տարածաշրջանում, հայտնում է Press TV-ն: 

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին ուրբաթ հերքել էր ԱՄՆ նախագահի հնչեցրած մեղադրանքները՝ դրանք անվանելով «հիմնազուրկ»:

«Վտանգավոր քայլերի եւ հիմնազուրկ մեղադրանքների փոխարեն, պարոն Թրամփը պետք է ուշադիր վերանայի տարածաշրջանում իր ուժերի ներկայությունն ու վարքագիծը»,- հայտարարել է Մուսավին:

Նա ԱՄՆ-ին նաեւ կոչ է արել «լրջորեն խուսափել վիրուսի տարածման մեղքը այլոց վրա բարդելուց եւ մեղադրանքներ հնչեցնելուց՝ սեփական անտրամաբանական վարքագիծն արդարացնելու եւ պատասխանատվությունից խուսափելու նպատակով»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Բաղդադի մոտ ռազմաբազային հարվածներ հասնելու մասին, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր: Թաջի բազայի վրա հարձակման հետեւանքով զոհվել էին ամերիկյան կոլիցիոն ուժերի 3 զինծառայողներ՝ 2 ամերիկացի եւ 1 բրիտանացի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրթիռային հարվածը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է «Իրանի կողմից աջակցվող» խումբ: