Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Facebook-ում պատասխանել է Տիգրան Սարգսյանի՝ ապրիլի 21-ի կառավարության նիստում ունեցած ելույթին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը` կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը չի փորձում համայնքների լիազորությունները կենտրոնացնել իր ձեռքում, ընդհակառակը՝ էապես ընդլայնում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) լիազորությունները։ Վարչապետի խոսքով՝ ինքը այդպիսով պատասխանում է այն քննադատություններին, թե վերջին 3 տարում կառավարության քաղաքականությունը ՏԻՄ-երի նկատմամբ փոխվել է։

Թեեւ Տ. Սարգսյանը չնշեց, թե ում քննադատությանն է պատասխանում, հայտնի է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է 2011թ. ապրիլի 13-ին ԱԺ նիստում քննադատել կառավարության քաղաքականությունը ՏԻՄ-երի նկատմամբ։

Եւ ահա Հ. Աբրահամյանի Facebook-յան էջում հայտնվել է նրա պատասխանը Տ. Սարգսյանին։

«Նախ ասեմ, որ Ազգային ժողովում հնչեցրած իմ տեսակետը ոչ թե քննադատություն էր, այլ եզրահանգում, որը հիմնված էր ՏԻՄ-երում աշխատելու եւ Կառավարությունում այդ ոլորտը համակարգելու տարիների իմ փորձի վրա:

Ինչ վերաբերում է Կառավարության նիստում վարչապետի հայտարարությանը, կրկնեմ իմ այն տեսակետը, որ միշտ կողմնակից եմ եղել լիազորությունների ապակենտրոնացմանը դեպի ՏԻՄ-եր»,- գրել է Հ. Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանը 2001-08 թվականներին կառավարությունում ղեկավարել է տարածքային կառավարման բլոկը։