Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի «Refettorio» պատմական դահլիճում ապրիլի 19-ին տեղի է ունեցել 1913-1916թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի «Օրագիրը» գրքի շնորհանդեսը, որն առաջին անգամ թարգմանվել եւ հրատարակվել էր իտալերենով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Իտալիա-Հայաստան» խորհրդարանական խմբի նախագահ պատգամավոր Սանդրա Ձամպան նշել է, որ պատրաստել է օրենքի նախագիծ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը շուտով կներկայացնի Իտալիայի խորհրդարանին: «Սա առաջին միջոցառումն է, որ կազմակերպվում է Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության թեմայով եւ կարեւոր քայլ կհանդիսանա Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- ասել է նա:
Իտալիայում Հայաստնաի դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հերթին նշել է, որ Թուրքիան մերժելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, շարունակելով միակողմանիորեն փակ պահել Հայաստանի հետ սահմանը, անգամ Հայաստանի հետ համապատասխան արձանագրություններ ստորագրելուց հետո հրաժարվելով դրանք վավերացնել, անթաքույց աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում` դրական ազդեցություն չի թողնում Հարավային Կովկասի կայունության եւ խաղաղության վրա:
Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ, իտալական կառավարական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ Իտալիայում հայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Հաջորդ օրը` ապրիլի 20-ին «Իտալիա-Հայաստան» խորհրդարական խմբի նախագահ Ս. Ձամպան ու փոխնախագահ Ա. Աշյուտին համապատասխանաբար Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում եւ Սենատում միաժամանակ անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին եւ առաջարկել են «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարել Իտալիայում»: Թե’ ընդդիմադիր եւ թե’ իշխող կուսակցության պատգամավորների եւ սենատորները հիմնականում դրական են արձագանքել նախաձեռնությանը:
«Հայոց ցեղասպանության հարցը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարց է: Այն ուղղված չէ Թուրքիայի դեմ, այլ հակառակը օգնելու է հայ-թուրքական երկխոսությանն ու երկու ժողովուրդների միջեւ վստահության վերականգմանը»,- նշել են պատգամավորները:




























