Դատարանի որոշումից պարզ դարձավ, որ այն մեղադրանքը եւ այն կալանքը, որում ես գտնվում ի, լրիվ անօրինական ու անհիմն էր: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը:

«Ես ենթադրում եմ, որ այդ ամենը կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ների վրա, որոնցից մեկի սեփականատերը ես եմ: Սա ճնշում է խոսքի ազատության վրա»,-ասաց նա:

«Սենց հանգիստ այս ամենը չի անցնելու ինձ համար, շուտով հնարավոր է ինչ-որ նոր փորձեր, նոր քրեական գործեր լինեն։ Դրանք անիմաստ գործողություններ են, ես մնալու եմ իմ ուղու վրա։ Հաճախ է հնչել, որ «5-րդ ալիքը» ուղղորդված է, ինչ-որ ցուցումով է աշխատում։ Ես կուզեի նշել, որ «5-րդ ալիքը» կազմում բարձր դասի պրոֆեսիոնալներ են աշխատում։ Ես երբեք իրենց գործերին չեմ խառնվել։ Ես մի պայման ունեմ, որ «5-րդ ալիքը» հասարակությանը դա օբյեկտիվ ինֆորմացիա Հայաստանից ու աշխարհից: Ոչ մի ուրիշ բան ես աշխատակազմին չեմ ասել»,-ընդգծեց Թավադյանը:

Հարցին, թե ցուցմունքներ փորձե՞լ են կորզել «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ, արդյոք իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, Արմեն Թավադյանը պատասխանեց. «Ոչ, ճնշում չի եղել, բայց ցանկություն եղել է։ Ես հրաժարվել եմ ցանկացած ցուցմունքից առաջին հերթին այն պատճառով, որ այն, ինչում ինձ մեղադրում էին, իմ հետ բացարձակ կապ չուներ:

Ես հաստատում եմ, որ նախագահ Քոչարյանի ընկերն եմ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել նախագահ Քոչարյանի ընկերը։ Հենց այս փաստը բերում է նրան, որ այն ամենն ինչ իմ շուրջ կատարվում է, կա քաղաքական կոմպոնենտ: Դրանից եմ ենթադրում, որ լինելու են փորձեր շարունակել կամ հորինել քրեական գործեր իմ հանդեպ, որ խանգարեն իմ ակտիվությունը որը վերաբերում է նախագահ Քոչարյանին։ Ես պայքարելու եմ, որովհետեւ հասկանում եմ որ Քոչարյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում։ Ամեն ինչ անելու եմ, որ դա ապացուցվի ու նախագահ Քոչարյանը գտնվի ազատության մեջ»,-ընդգծեց Թավադյանը:

Հարցին՝ արդյոք ինքը շարունակելո՞ւ է ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների հետ պայքարել նրա ազատության համար, Թավադյանն ասաց. «Անպայման, ես աշխատելու եմ վաղը ներկա լինել դատական նիստին: Շատ հնարավոր է, որ կորոնավիրուսի պատճառով այդ ամենը ավելի համեստ բնույթ կրի, բայց ես մինչեւ վերջ ներկա եմ լինելու եւ պայքարելու եմ»: 

Հիշեցնենք, որ օրերս դատարանը բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների ներկայացրած կալանքը երկարաձգելու դեմ բողոքը։ Դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: