Կորոնավիրուսը ոչ միայն մարտահրավեր է յուրաքանչյուր մարդու համար, այն գլոբալ մարտահրավեր է պետականության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։
Նրա խոսքով՝ սա երկրի ղեկավարների պատրաստակամության եւ կարողության փորձություն է, արտաքին սպառնալիքների պայմաններում արագ մոբիլիզացնելու ունակության վերաբերյալ։
«Տեսնում ենք Իտալիայի եւ Իսպանիայի տխուր փորձերը, երբ իշխանությունները չկարողանալով ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել՝ ակնհայտորեն չկարողացան հաղթահարել համաճարակի մարտահրավերները»,– ասել է նա։
Բալասանյանի խոսքով՝ տիպված է փաստել, որ Արցախի իշխանությունները ցուցաբերել են անփութություն եւ խնդրին ուղղված ոչ լուրջ վերաբերմունք։
Բալասանյանի խոսքով՝ անկախ քաղաքական հայացքներից յուրաքանչյուր քաղաքացի պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխվի վիրուսի ներթափանցումն ու տարածումը Արցախում։
«Ուզում եմ դիմել իշխանություններին։ Ես պահանջում եմ, որպեսզի ամեն օր Արցախի ղեկավարությունը զեկուցի քաղաքացիներին ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ։ Մենք պետք է իմանանք, թե ինչ է անում իշխանությունը եւ կարողանանք հարցեր տալ։ Իշխանություններին առաջակում եմ շրջաններում ճգնաժամային շտաբեր ստեղծել եւ նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը թույլ կտա բնակչությանը տեղեկացնել անհատական պաշտպանության միջոցների մասին։ Պահանջում եմ ռազմական կարգապահություն այս հարցում»,– հայտարարել է Բալասանյանը։
Նա Արցախի իշխանություններին, խոշոր ձեռնարկատերերին, ինչպես նաեւ Արցախի բոլոր առողջ ուժերին կոչ արեց մասնակցել այս վտանգի դեմ ուղղված Արցախի պաշտպանության բոլոր միջոցառումների կազմակերպմանը. «Երաշխավորում եմ, որ շուտով կստեղծեմ ենթակառուցվածք, որը հանրությանը կտեղեկացնի կորոնավիրուսի վերաբերյալ բոլոր արդի հարցերի մասին։ Այսօր ստացա Հայաստանի, Ռուսաստանի եւ սփյուռքի գործընկերների աջակցության հավաստիքը եւ ձեզ երաշխավորում եմ, որ բնակչությանը հնարավորություն կտանք կապվել բժիշկների եւ համաճարակաբանների հետ»։
Բալասանյանը կոչով դիմել է արցախցիներին, որպեսզի չկորցնեն ինքնատիրապետումը. «Խուճապը, որեւէ լավ բանի չի հանգեցնի։ Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները պահպանելու համար մեզ պետք է ռազմական կարգապահություն։ Հոգ տարեք ձեր եւ ձեր մտերիմների մասին։ Աստված մեզ պահապան»։











