ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգտվել Պաշտպանական արտադրության մասին օրենքից՝ որպես կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում վարչակազմի ջանքերի մաս։ «Այդ օրենքը կարող է օգնել մեզ շատ լավ բաներ անել»,- ասել է նա, հայտնում է FoxNews-ը։

Օրենքը երաշխավորում է, որ մասնավոր հատվածը կարող է մեծացնել արտադրությունը եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ու սարքավորումների բաշխումը՝ բժշկական շտապ օգնության համար։ Այդ քայլը Սպիտակ տանը տալիս է դիմակների, արհեստական շնչառության սարքերի եւ ռեսպիրատորների արտադրությունն ավելացնելու, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում հիվանդանոցների հնարավորություններն ընդլայնելու իրավասություններ։

Այն հարցին, թե կարծում է արդյոք ինքը, որ երկիրը պատերազմական վիճակում է, Թրամփը պատասխանել է, որ իրեն «ինչ-որ առումով պատերազմական ժամանակների նախագահ» է համարում։

Նախագահը հայտնել է ստեղծված պայմաններում բնակչության վիճակը թեթեւացնելու միջոցառումների մասին։ Խոսքն, առաջին հերթին, բնակության ոլորտում փոփոխությունների մասին է։ Այսպես, արգելք է դրվում պարտքերի գանձման եւ բնակիչների վտարման վրա։

Ինչպես նշում է «Ամերիկայի ձայնը», համաճարակն ընդգրկել է բոլոր 50 նահանգները, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը անցել է 100-ից։ Երեքշաբթի երեկոյան Արեւմտյան Վիրջինիան վերջին՝ 50-րդ նահանգն էր, որը հայտնեց վարակի հաստատված դեպքի մասին։Վարակվածների ընդհանուր թիվը ԱՄՆ-ում անցել է 6400-ից։