ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շփվել է բժիշկների եւ բուժքույրերի հետ ու նրանց շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես այսօր զրուցեցի ամերիկացի բժիշկների եւ բուժքույրերի հետ, նրանց շնորհակալություն հայտնեցի իրենց անդուլ աշխատանքի համար: Այս պատերազմում բժիշկներն ու բուժքույրերը առաջնագծում են եւ Ամերիկայի իսկական հերոսներն են: Ամերիկան կհաղթի նրանց օգնությամբ»,- իր Twitter-յան էջում նշել է Թրամփը:

Վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմին քննադատում են կորոնավիրուսի դեմ պայքարում նրա ռազմավարության թերությունների եւ բժշկական պարագաների, այդ թվում՝ բժիշկների համար պաշտպանական դիմակների պակասի համար: Պենտագոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իր պաշարներից բժիշկներին կփոխանցի մինչեւ 5 մլն դիմակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ է ճանաչել: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում մոտ 160 երկրներում ընդհանուր վարակվել է 200 հազար մարդ, մահացել է ավելի քան 8 հազարը: