Երիտասարդական «Միասին» շարժումն ապրիլի 23 -ին Երեւանի կենտրոնում կազմակերպել է կենդանի ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:
«Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանի խոսքով` մոտ 1500 երիտասարդներ, ձեռքներին Հայոց ցեղասպանության, Սումգայիթում եւ Մարաղայում հայկական ջարդերի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության մասին վկայող լուսանկարներ, Երեւանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել են կենդանի ցուցահանդես բաց երկնքի տակ:
Հակոբյանը նշել է, որ առաջին անգամ իրականացվող ակցիայի նպատակը քաղաքի հյուրերին Հայոց ցեղասպանության փաստի մասին տեղեկացնելն է: Լուսանկարները նաեւ զետեղվել են սոցիալական ցանցերում:
Բացի այդ, շարժման երիտասարդները Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման պահանջով նամակներ են հանձնել Հայաստանում հավատարմագրված` ցեղասպանությունը չճանաչած երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին:






































