Չեխիայի հայ համայնքի Ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառումները մարդաշատ են անցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պրահայում տպագրվող «Օրեր» համաեվրոպական հանդեսի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ միայն չեխահայ համայնքի կողմնակից սենատորը, ով ամեն տարի աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել: Հակոբ Ասատրյանը նշեց, որ Պրահայի արքեպիսկոպոսից ստացել են նամակ, ողջույնի խոսք, զորակցություն եւ հետագայում համագործակցելու պատրաստակամություն:
Հակոբ Ասատրյանի կարծիքով՝ Ցեղասպանության տարելիցին նվիրված բոլոր միջոցառումները տեղեկատվական-լուսավորչական գործառույթ են իրականացնում, հանրային կարծիք են ձեւավորում, եւ տարեցտարի չեխ հասարակության մեջ մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր տեղյակ են Հայոց ցեղասպանությունից: Խմբագրի խոսքով՝ չեխական ռադիոն եւ ինտերնետային պարբերականները անդրադարձան, միջոցառումներին թղթակիցներ կային նաեւ հեռուստատեսությունից: Մեր հարցին, թե պետական մակարդալով որեւէ հայտարարություն եղե՞լ է, Ասատրյանը պատասխանեց, որ ունենալով Թուրքիայի հետ երկկողմ տնտեսական սերտ հարաբերություններ՝ Չեխիայում փորձում են շրջանցել այս հարցը, չանդրադառնալ դրան եւ պետական մակարդակով էլ որեւէ հայտարարություն չի եղել:
Հարցին, թե ի՞նչ պետք է արվի, որ միջոցառումները չդառնան ինքնանպատակ, Սփյուռքը չհոգնի դրանցից, նա նշեց, որ ամեն տարի մի նոր բան է պետք մտածել, նույն ձեւով աշխատելը արդյունք չի տալիս: «Պայքարը ոչ թե միայն ապրիլի 24-ից ապրիլի 24 պետք է լինի, այլ դա պետք է լինի շարունակական աշխատանք: Եթե աշխատանքը ունենա շարունակական բնույթ, տարվա ընթացքում տարբեր ձեռնարկներ, միջոցառումներ լինեն, կատարված աշխատանքը իր նպատակին կծառայի: Հենց մի քիչ հանգստանում ենք, թուրքական եւ ադրբեջանական հակահայկական քարոզչամիջոցները սկսում են աշխատել»,- ասաց «Օրեր»-ի խմբագիրը;
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 24-ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման երեկո, այնուհետեւ՝ ցուցադրվել է հեռուստալրագրող Արտյոմ Երկանյանի «Թոռների պատասխանը» վավերագրական ֆիլմը, իսկ երեկոյան կայացել դասական երաժշտության համերգ: Բացի այդ, GH Art Gallery ցուցասրահում բացվել է հայ եւ օտար նկարիչների ցուցահանդեսը: Իսկ երեկոյան քաղաքի Խաչքար հուշարձանի մոտ «Հանուն խաղաղության» միջոցառմանը մասնակցել են նաեւ Յիհլավայի Արվեստի գրաֆիկական դպրոցի սաները:



























