Հանրային տրանսպորտը ախտահանվում էր, ախտահանվում են Երեւանի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերը, վերելակների սրահները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ այդուհանդերձ կամ շենքեր, որտեղ ախտահանում չի արվում, նա արձագանքեց. «Լայնաֆորմատ ախտահանման մասին հարցնելիս երեւի լրագրողը նկատի ունի այն հրապարակումները, որ արվել են Թբիլիսիում, կան Չինաստանում, երբ շատ մեծ քանակով տեխիկա է բերվել եւ դա նկարահանվել է: Երեւանում եւս ախտահանումը կատարվում է, մարդիկ համեստորեն իրենց գործը կատարում են ամեն օր: Ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ անկախ նրանից, թե ինչ սարքով է ախտահանումը կատարվում, այդ սարքը մեծ է, թե փոքր, փչում է հեղուկը, թե սրսկում է, թե պարզապես շորով քսում են, կապ չունի, կարեւոր, որ այդ նյութը այդ մակերեսը փակի: Իհարկե, հաճելի է, որ գերժամանակակից սարքով են դա անում»,-ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ Երեւանում էլ կան ընկերություններ, որդրանցից բերել են եւ մի քանի մուտքեր դրանով է ախտահանվել:
Փոխքաղաքապետը ընդգծեց, որ եթե կան հստակ տվյալներ, որ այս կամ այն շենքը չի ախտահանվում, ահազանգեն իրենց՝ հավելելով, որ իրականում դա արվում է վաղ առավոտյան եւ շատ հնարավոր է, որ բնակիչները պարզապես չեն տեսնում:











