Ցուցումը տրված է, որ սուպերմարկետներում, մեծ խանութներում առեւտրի սայլակների բռնակը, որին տարբեր քաղաքացիներ ձեռքով հպվում են, դրանք ախտահանվեն եւ դա արվում է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
«Այստեղ հարցը նաեւ հետեւյալն է, որ մեր քաղաքացին խանութ մտնելուց առաջ կարող է ձեռնոց հագնի,ինչ պետք է իրեն վերցնի, մոտենա դրամարկղին, իսկ հետո, երբ սայլակը վերադարձնի, ձեռնոցները հանի ու նետի:
Երկրորդ, եթե մարդը ձեռք է տվել սայլակին, վիրուսը ձեռքի միջոցով չի կարող անցնել մարդուն, վիրուսը կարող է անցնել միայն այն դեպքում, եթե սկսենք բերանի, քթի եւ աչքերի հատվածում դիպչել մեր դեմքին: Եթե առեւտրից հետո ալկոգելով մաքերս ձեռքերդ կամ լավ լվանաս, այդտեղ էլի վտանգը չկա»,-ասաց փոխքաղաքապետը:
Նա հավելեց, որ իրենք հետեւում են, որ խանութի սրահները, մուտքերը, հատակը, սայլակների, արկղերի շփման հատվածները ախտահանվեն. «Երեկ մի դեպք էր եղել, երբ սուպերմարկետներից մեկում մարդկային շատ մեծ կուտակում էր եղել, շատ շնորհակալ եմ սուպերմարկետի ղեկավարությանը, որովհետեւ ահազանգից կես ժամ հետո ինձ ուղարկեցին տեսանյութը, թե ինչ են արել: Նրանք արել էին այն, ինչ կիրառվում է մի շարք երկրներում, որ սուպերմարկետի հերթը ոչ թե ներսում է, այլ դրսում, մարդիկ շարված են դրսում 2 մետր իրարից հեռու: Սուպերմարկետի դուռը փակել էին, չէին թողնում մարդիկ մեծ թվով ներս մտնեն»,-ընդգծեց նա:











