Հեռավար հաղորդակցության հարթակների հետ կապված կիբերսպառնալիքների մասին նորությունների մեծ մասը վերջին շաբաթներին վերաբերում էր Zoom-ին: Սակայն զգոն պետք է լինեն նաեւ այլ հալվելածների օգտատերերը, այդ թվում նաեւ` Microsoft-ին պատկանող Skype-ի:

Ինչպես նշվում է Check Point վերլուծական ընկերության զեկույցում, մարտ ամսվա ընթացքում Ռուսաստանում ամենաակտիվ վնասատու ծրագրերի տասնյակում ներառվել է Pykspa համակարգչային որդը: Վերջին անգամ այն ակտիվորեն տարածվել էր 5 տարի առաջ: Check Point-ի հետեւությունները հաստատում են նաեւ այլ ընկերություններում:
Pykspa-ն տարածվում է Skype-ի օգտատերերի միջեւ հաղորդագրությունների միջոցով եւ նպատակ ունի գողանալ նրանց անձնական տեղեկությունները: Կոնտակտներին մուտք ստանալով` այն կարող է արագորեն մեծացնել իր ակտիվությունը` հաղորդագրություններ ուղարկելով խայծ հղումով: Բացելով այն` օգտատերն ակտիվացնում է վնասատու ծրագիրն իր համակարգչում:

Ըստ «Կոմերսանտ»-ի կողմից հարցված մասնագետների` Pykspa-ի ակտիվության մեծացումը պայմանավորված է Skype-ի լսարանի մեծացմամբ` շատ ընկերությունների` հեռավար աշխատանքի անցնելու եւ ընկերների եւ հարազատների հետ վիդեո կապով հաղորդակցվելու ցանկության պատճառով: COVID-19 համաճարակի բռնկումից առաջ անցյալ տարվա դեկտեմբերին Skype-ը չորրորդ տեղում էր Ռուսաստանում հասանելի մեսենջերների շարքում: Ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ դրան դիմում էր 6.9 միլիոն մարդ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խմբային վիդեո չաթի համար հավելվածների խոցելիություններն ակտիվորեն օգտագործվում են լրտեսության համար: Չինական հետախուզությունը, մասնավորապես, օգտագործում է կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իրավիճակը` ամերիկյան ընկերությունների մասին տեղեկություններ ստանալու համար, քանի որ դրանք իրենց հանդիպումներն անցկացնում են թվային ձեւաչափով: