Apple կորպորացիան մտադիր է փոփոխություններ կատարել սմարթֆոնների դիզայնում, որոնք նախատեսում է ներկայացնել այս տարվա աշնանը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին:
Գործակալության տեղեկություններով՝ Apple-ը նախկինի պես մտադիր է իր սմարթֆոնների նոր մոդելները ներկայացնել աշնանը, չնայած շնորհանդեսը կարող է տեղի ունենալ ոչ թե սեպտեմբերին, ինչպես տեղի է ունեցել վերջին տարիներին, այլ մի քանի շաբաթ ուշ՝ COVID-19 համավարակի պատճառով: Հիվանդության տարածումը եւ շատ երկրների կողմից ինքնամեկուսացման ռեժիմի սահմանումը հանգեցրել են գաջեթների պահանջարկի անկման, խախտվել են նաեւ մատակարարումների շղթաները, այդ թվում՝ Չինաստանից, որտեղ գտնվում են կորպորացիայի մի շարք գործարաններ:
Apple-ը դեռեւս հույս ունի մինչեւ տարեվերջ շուկա թողարկել 2 թոփային սմարթֆոն, որոնք կդառնան iPhone 11 Pro-ի եւ iPhone 11 Pro Max-ի ժառանգորդները, ինչպես նաեւ 2 ավելի էժան մոդելներ՝ գործառույթների ավելի քիչ լրակազմով: Ընդ որում՝ բոլորը հագեցած են լինելու 5G կապի մոդուլով:
Փոփոխությունները կառնչվեն ավելի թանկարժեք մոդելների արտաքին տեսքին. դրանց դիզայնը կհիշեցնի 2018 թվականի iPad Pro պլանշետը: Էկրանը չի ունենա կլորացված եզրեր եւ հարթ կդառնա, կլորացված չեն լինի նաեւ գաջեթների ճակատները, դրանց անկյունները: Էկրանի չափը 6,5 դյույմից կմեծանա, չնայած Bloomberg-ի աղբյուրները չեն կարողացել հստակեցնել՝ կոնկրետ որքան: Բոլոր մոդելները կունենան պրոցեսորներ, որոնց առանձնահատկությունը կդառնան «լրացված իրականության» հավելվածներով աշխատելու համար նոր հնարավորությունները:
Դրանից բացի, Apple-ը նախատեսում է աշնանը ներկայացնել HomePod բարձրախոսի նոր մոդել, որի հիմնական առանձնահատկությունն է հավաք չափը. գրեթե 2 անգամ փոքր, քան նախորդինը: Կորպորացիան մտադիր է նաեւ շուկա թողարկել Apple Tags բրելոկ, որը կարելի է ամրացնել բանալիներին կամ դրամապանակին, որ հետո այն գտնեն սմաթֆոնի միջոցով:
Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ COVID-19 համավարակի պատճառով Apple ընկերությունը կարող է զգալի ժամանակով հետաձգել սմարթֆոնների նոր մոդելային շարքի թողարկումը, նույնիսկ մինչեւ 2021 թվականի սկիզբ: Սա հանգեցրել էր բորսայում ընկերության բաժնետոմսերի արժեքի նվազման:




























