«Հավաքների ազատության» մասին օրենքը եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Ընտրական օրենսգիրքը» Հայաստանի ԱԺ-ում ընդունվել են առանց կոնսենսուսի: Այս մասին ապրիլի 26-ին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` «Ժառանգության» պատգամավորների եւ Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նախագահի տեղակալ Խայիմ Մայոր Օրեխայի հանդիպման ժամանակ:
Ըստ Փոստանջյանի, միջազգային կառույցների կողմից հնչող «մեկ քայլ առաջ» ձեւակերպումներն այլեւս չեն բավարարում ժողովրդին, եւ այսպես շարունակվելու դեպքում 2012 եւ 2013թ.թ. ընտրությունների ժամանակ կարող են անխուսափելի լինել ավելի վատ հետեւանքներով բախումներն ու առճակատումները:
Հանդիպմանը ներկա «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ կարեւորել է «Ժառանգության» անդամակցումը ԵԺԿ-ին, որն իր ներքին ժողովրդավարական չափանիշներով, խոսքի եւ գործի մեկտեղմամբ համապատասխանում է ժողովրդավարական կուսակցության չափանիշներին:
Մայոր Օրեխան էլ ընդգծել է, որ Հայաստանում բարեփոխումները պետք է արժանանան լայն հասարակայնության աջակցությանը եւ բարեփոխեն իրականությունը, այլ ոչ թե հանդիսանան հետ նահանջ կամ իմիտացիա:



























