Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված 2020թ. մարտ ամսին Երևանի «Զվարթնոց»  միջազգային օդանավակայանում չեղարկվել է 202 չվերթ, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում՝ 13 չվերթ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Թե որքան վնաս է կրել  ընկերությունը չվերթների չեղարկման արդյունքում, չնշեցին՝  պայմանավորելով այն կոմերցիոն պատճառներով։

Ընկերությունից միաժամանակ տեղեկացրին, որ հիշյալ ժամանակահատվածում օդանավակայանի ոչ մի աշխատակից չի ազատվել աշխատանքից, փոխարենը հարկադիր պարապուրդում գտնվում է 780 աշխատակից:

Նշենք, որ պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողների համար գործատուն պետք է վճարի աշխատավարձի 2/3–ը։