Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ակտիվ քննարկումներ են ընթանում որոշ տնտեսական եւ սոցիալական կարեւոր նշանակության ապրանքների մաքսատուրքերի ժամանակավոր իջեցման կամ, ընդհանրապես, չեղարկման շուրջ: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Ըստ նրա` այժմ քննարկվում է, թե որ ապրանքներն են առաջնահերթ լինելու:

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ Եվրամիությունը որոշել է Հայաստանին 92 միլիոն եվրո տրամադրել` առողջապահական համակարգին, բնակչության խոցելի հատվածներին, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու համար: «Չափը կարող է ավելացվել` հաշվի առնելով, որ Team Europe ծրագրի շրջանակներում ԵՄ-ն նախատեսում է տարբեր երկրներին ընդհանուր 20 միլիարդ եվրո հատկացնել: Բացի այդ, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում 80 միլիոն եվրո է տրամադրվելու, որը բաշխվելու է մասնակից բոլոր երկրների միջեւ: ԵՄ-ն կարող է նաեւ ֆինանսական գործիքների միջոցով լրացուցիչ 880 միլիոն եվրո հատկացնել` տարածաշրջանի երկրներում տնտեսական իրավիճակի կայունացման նպատակով»,- ասաց փոխնախարարը:

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հավելեց, որ ԵՄ-ն 456.500 եվրո ՝ կտրամադրի` Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու համար:

ՀՀ էկոնոմիկայի մյուս փոխնախարար Ավագ Ավանեսյանն իր հերթին շեշտեց, որ կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրված 280 միլիոն դոլարը կուղղի  կորոնավիրուսի հետեւանքների վերացման դեմ պայքարելին: «Հայաստանի կառավարությունը կարող է ինքնուրույն ընտրել` ինչի վրա ծախսել այդ գումարը: Միջոցները կօգտագործվեն առողջապահական համակարգի ամրապնդման, ինչպես նաև սոցիալական եւ տնտեսական հետեւանքների մեղմացման համար»,- պարզաբանեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է Հայաստանի վարկանիշի իջեցման վերաբերյալ տարբեր միջազգային կազմակերպությունների կանխատեսումներին, ապա դրանք, ըստ նրա, հիմնավորված չեն` հաշվի առնելով ճգնաժամի հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհում: