Այն, որ պետական կառավարման համակարգի շատ մեծ տոկոսը շարունակել է մնալ իր տեղում, դա նույնպես հեղափոխության ժամանակ իմ տված խոստման շրջանակում է, որ կադրային ջարդ չի լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնաով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիտարկմանը, որ պետական կառավարման համակարգում մեծամասամբ հին կադրերն են աշխատում, ինչի համար կառավարությունը, պարբերաբար արժանանում է քննադատոււթյան:
«Այդ խոստումը տվել եմ շատ ավելի առաջ, քան երբեւէ որեւէ մեկը լրջորեն կմտածեր, որ ես ստանձնել;ու եմ վարչապետի պաշտոնը:
Ո՞րն է մեր ռազմավարությունը, արդյոք ասելով, որ կադրային ջարդ չի լինելու նկատի ենք ունեցել, որ պետական կառավարման համակարգը պետք է մնա նույնը: Ոչ, մենք դա նկատի չենք ունեցել: Բայց նաեւ չենք էլ նկատի ունեցել, որ պետական կառավարման համակարգում այս, այս, այս մարդկանց պետք է փոխարինեն այս, այս, այս մարդիկ: Ես ի սկզբանե համարել եմ, որ դա վատ մոտեցում է, որովհետեւ ցավոք սրտի, պետք է նաեւ խոստովանեմ, որ մի քանի նոր կադրեր մի քանի օրվա ընթացքում ապացուցել են, որ իրենք կարող են մտնել կաբինետ ու իրենց դնել իրենց նախորդի տեղը: Նույնիսկ շատ արագ ստիպված եմ եղել իմ նշանակած կադրերին շատ արագ ազատել աշխատանքից, թիմի ամենամերձավոր ներկայացուցիչների:
Ցավոք, նաեւ ունեցել ենք դեպք, որ առնվազն հիմնավոր կասկածներ կան, դատարանը ցույց կտա, որ նոր կադրերը ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքների մեջ»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ իրենց տեսլականն այն է, որ ոչ թե մարդկանց փոխեն, այլ փոփոխությունները պետք է տեղի ունենան յուրաքանչյուրի ներսում, որի արդյունքում կլինի հանրային համաձայնություն:
«Հարց կարող է հնչել, թե արդյոք հնարավոր է,որ այն մարդը, որ 10 տարի աշխատել է պետական կառավարման կոռումպացված համակարգում, ինքը վերափոխվի: Նույն հարցը հնչում էր հեղափոխությունից առաջ, թե ո՞նց է հնարավոր, որ այն քաղաքացին, որ 10 տարի ընտրակաշառքը է վերցրել, գնացել քվեարկել ու լռել է, հիմա փոխվի: Բայց այդ փոփոխությունը տեղի ունեցավ եւ հեղափոխությունը տեղի ունեցավ:
Սա գաղափարական հարց է, մարդու անուն-ազգանունի հարց չի: Մենք ունենք հին կադրեր, որոնք ցույց են տվել, որ կարող են փոխվել, եւ ունենք նոր կադրեր, որոնք, ցավոք սրտի, այս ընթացքում իրենց երազածը հների տեղում հայտնվելն է եւ նույն գործողություններն անելը»:
Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգում սաբոտաժին եւ դրա դեմ իրականացվող քայլերին, վարչապետն ասաց. «Նույն Քաղավիացիայի կոմիտեում սաբոտաժի դեպքերին ես անդրադարձել եմ դեռեւս 2020 թվականի հունվարին: Նույն դատական համակարգում սաբոտաժային երեւույթներ ունենք, բայց հարցը հետեւյալն է, 400 հազար դրամ եւ կաշառքի ընկալում ունեցող վատ դատավորին հանենք, մենք որտեղի՞ց լավ դատավոր գտնենք, որ գա 400 հազար դրամով աշխատի, եւ օրինակ մարդուն ցմահ ազատազրկման դատապարտի՝ մեր միջավայրում իր երեխայի եւ ընդհանրապես ռեպուտացիոն ռիսկը իր վրա վերցնելով:
Մենք մի կողմից ասում ենք պետական կառավարման համակարգի աշխատավարձերը չբարձրացնենք, դե եկեք բոլորին հանենք, իսկ այդ աշխատավարձով ո՞վ է պատրաստ գա ու անի այն ծառայությունը, որը մենք ուզում ենք նույն քաղավիացիայի կոմիտեում, նույն դատական համակարգում, բազմաթիվ այլ տեղերում»:
Փաշինյանը նաեւ բերեց ավտոմքենաների օրինակը. «Երբ փողը քիչ է լինում, բայց պետք է անիվները փոխեն, 4 անիվ չեն կարող փոխել, դեմի անիվներն են փոխում, որովհետեւ եթե հետեւից անիվները լավն են, դեմինները վատն են, 90 տոկոս հավանականություն կա, որ մեքենան վթարի կենթարկվի: Մենք այսօր դեմի անիվները փոխելու պրոցեսի մեջ ենք: Պետական կառավարման համակարգը երկրի լիդերն է, երկրի տանողն է»:











