Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը Կիևում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, հայտնում է «Украинская правда»-ն։

Ամերիկացի բանակցողներն առաջին անգամ են ժամանել Ուկրաինա՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։

Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուիթքոֆի և Քուշների երեքժամյա բանակցություններից մեկ օր անց։ Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ կողմերը քննարկել են կարգավորման հնարավոր ուղիները, իսկ բանակցությունները եղել են «շատ օգտակար»։ Սպիտակ տանը հայտարարել են, որ քննարկումը բովանդակալից էր, իսկ հաջորդ քայլերի մասին նախատեսվում է հայտարարել առաջիկա շաբաթներին։

Ամերիկացի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել ուկրաինական բանակցային խմբի հետ։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է շարունակել աշխատանքը խաղաղության հասնելու ուղղությամբ։

Ուիթքոֆի և Քուշների այցը Կիև դարձավ ռուսաստանյան կողմի հետ նրանց բանակցությունների շարունակությունը։ Ամերիկացի պատվիրակները մտադիր են ուկրաինական ղեկավարության հետ քննարկել խաղաղ գործընթացի հետագա քայլերը։