Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, որը ադրբեջանամետ դիրքորոշում ունի, Day.Az-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ընտրությունները:
«Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում այսօր մարդիկ ուշադրություն են դարձնում COVID-19 համավարակին: Բայց այն կառավարությունները, որոնք ուշադրություն են դարձրել Ղարաբաղում, այսպես կոչված, «ընտրությունների» վրա, միաձայն հայտարարել են, որ չեն ընդունում քվեարկության արդյունքները: Սա պաշտոնական տեղեկատվություն է, որին հենց նոր ծանոթացա Մեծ Բրիտանիայի եւ Նորվեգիայի կառավարություններից»,- հայտարարել է Բրայզան: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես նշել է Բրայզան, ընտրությունները դրա վրա ընդհանրապես ոչ մի ազդեցություն չեն ունենա:
«Անցյալում բազմիցս համանման «ընտրություններ» անցկացվել են Լեռնային Ղարաբաղում հայերի, այսպես կոչված, «ներկայացուցիչների» կողմից: Ելնելով որպես Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի անձնական փորձից՝ ես վստահ եմ, որ երեկվա (ապրիլի 14-ի – խմբ.) «ընտրությունները» չեն ազդի իրական բանակցությունների վրա: Այն պատճառով, որ աշխարհի ոչ մի երկիր եւ նույնիսկ Հայաստանը այս անկլավը չի ճանաչել եւ չի պատրաստվում ճանաչել որպես անկախ պետություն: Այսօր յուրաքանչյուր երկիր հետեւում է հենց այն քաղաքականությանը, որում ճանաչվում է այն միջազգային իրավական իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է մնում»,- շեշտել է Բրայզան:
ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը միաժամանակ հավելել է, որ այդ ընտրությունները կարող են ազդել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների վրա: «Լեռնային Ղարաբաղի նախկին «ղեկավարը» Հայաստանում իշխած եւ ղարաբաղյան կլանը ներկայացնող Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախկին ռեժիմների խամաճիկն էր: Նորընտիր «նախագահ» Արայիկ Հարությունյանը համարվում է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր մարդը: Այդուհանդերձ, Հարությունյանն օլիգարխ է, որի լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում ձայների զգալի կեղծման եւ, այսպես կոչված, «ընտրությունների» երկրորդ փուլում անչափ ցածր մասնակցության մեջ մեղադրանքների պատճառով: Այսպիսով, փոփոխություն կարող է լինել միայն այն բանում, որ հին ղարաբաղյան կլանը, որը կառավարել է Հայաստանը, Լեռնային Ղարաբաղում, այլեւս տպավորիչ ազդեցություն չի ունենա»,- ասել է նախկին դեսպանը:
Մեկնաբանելով, թե ինչպես հետագայում կզարգանան հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Բրայզան ափսոսանք է հայտնել, որ Փաշինյանը փոխել է իր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: «Իշխանության գալով, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո` Փաշինյանը հնարավորինս ճկուն լինելու եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վստահելի հարաբերությունների կառուցման ճանապարհով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու ձգտում ցուցաբերեց:
2019-ի սկզբին երկու երկրների ղեկավարներն արդյունավետ հանդիպում անցկացրեցին, որից հետո պայմանավորվեցին բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շուրջ: Սակայն ամռանն այդ մոտեցումը փոխվեց, եւ Փաշինյանը սկսեց հայտարարություններ անել, որոնք հակասում էին իր խոսքերին: Մե՛կ նա սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, մե՛կ սկսեց խոսել այս տարածքի անկախության մասին: Ուստի, փոխելով իր դիրքորոշումը, Փաշինյանը փաստացիորեն զրոյացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորությունը»,- կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը:
Նախկին դեսպանի խոսքով` Փաշինյանը ստիպված էր փոխել իր նախնական մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` ղարաբաղյան կլանի կողմից հսկայական ճնշման պատճառով: «Զգալով անձնական վարկանիշը կորցնելու ռիսկը` Փաշինյանն ուժերի ներածի չափով փորձում էր համախմբել իր քաղաքական ուժին: Սակայն եթե նա մտադիր է շարունակել հավատարիմ մնալ հրապարակայնորեն հայտարարված իր քաղաքականությանը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը կա՛մ ինքնուրույն է, կա՛մ` Հայաստանի մաս, ես կարծում եմ, որ այդ հռետորաբանությունը միայն կբարդացնի բանակցային գործընթացի առաջընթացը»,- եզրափակել է Մեթյու Բրայզան:





























