Microsoft-ը հարթակը թողարկել է «Մոլորակային համակարգիչ» արհեստական բանականության հիման վրա։ Այն մարդկանց կօգնի հետեւել Երկրի էկոհամակարգի փոփոխություններին։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդարգրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մոլորակային համակարգիչն» իրենից ներկայացնում է Microsoft Azure «ամպի» հիմքի վրա ստեղծված հարթակ, որը վերլուծում է տվյալների հսկայական քանակ տարբեր աղբյուրներից։ Այդ տեղեկատվությունը թույլ է տալիս հետեւել էկոհամակարգի փոփոխություններին եւ ընդունել բնական պաշարների օգտագործման ավելի ռացիոնալ որոշումներ։ Օրինակ՝ հետեւել անտառների չափսերի փոփոխություններին, գնահատել ջրհեղեղների ռիսկերը եւ այլն, ասվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ։  

«Մոլորակային համակարգչի» ստեղծման գործում Microsoft-ը համագործակցել է Esri ընկերության հետ, որը մասնագիտացել է գեոտեղեկատվական համակարգերի ոլորտում։ Դիտել, թարմացնել կամ լրացնել «Մոլորակային համակարգչում» եղած տեղեկատվությունը կարող է ցանկացած մարդ Երկրի վրա։   

Նման հարթակի ստեղծումը դարձել է Microsoft-ի գլոբալ էկոլոգիական նախաձեռնության շարունակությունը, որի շրջանակներում ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ 2030-ին ամբողջովին կանցնի ածխածնի արտանետումների բացասական մակարդակին եւ 1 մլրդ դոլար կներդնի կլիմայական նորարարությունների զարգացման մեջ։