ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի ելույթի ժամանակ ԱԺ դահլիճի լույսն անջատվեց եւ պատգամավորն էլ կատակեց. «Ըհը, տիկին Զոհրաբյան, փաստորեն իմ մոտ էլ է լույսն անջատվում։ Ինձ ասում են՝ վերջացրու»։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, թե նկատենք, որ միայն ԲՀԿ պատգամավորների ելույթի ժամանակ է նման նախադեպ գրանցվում։

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 16-ին էլ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ կրկին դալիճի լույսն անջատվեց։

Աբովյանը խոսում էր համայնքների խոշորացման ծրագրի մասին։

Նրա կարծիքով՝ երկրում առկա նման իրավիճակում խոսել համայնքների խոշորացման մասին, տեղին չէ.

«Գրեթե ամեն օր իրավիճակ է փոխվում. խոսքը միայն կորոնավիրուսի հետ կապված չի, խոսքն այն մասին է, որ փոխվում է նաեւ տնտեսական հարաբերությունների որոշակի տրամաբանություն։ Խոշորացումը, ըստ էության, մի պրոցես է, որն այս պարագայում արդյունավետ չի, մենք մինչեւ կորոնավիրուսային իրավիճակը՝ ունեինք վերապահումներ, որովհետեւ 50 կիլոմետր իրարից հեռու գյուղեր են, եւ ենթակառուցվածքների խնդիր կա։ Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, կոպիտ ասած, պետք է սկզբից լուծել, հետո արդեն մոտենալ այս հարցերին։

Կարծում եմ, որ այսօր խոշորացման խնդիրները չպետք է բարձրացենք, քանի որ մենք չգիտենք՝ ինչ է լինելու 6 ամիս հետո։

Լսեցի, որ ունեք նախագիծ, որ կարող է հետաձգվել որոշակի ժամանակաշրջանում։ Սակայն որքան էլ հետաձգվի, կլինի մեկ տարի թե վեց ամիս, մեկ է, շատ բան է փոխվում։ Այն իր մեջ լուրջ ռիսկ է պարունակում»։