ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված աշխատակիցները դրամական պարգեւներ են ստանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ երկրում արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո Օպերատիվ շտաբ է ստեղծվել:

«Փրկարար ծառայությունը ստացել է 1107 ազդանշան, 609 զանգ՝ կապված կորոնավիրուսով վարակման հետ, եւ 498 զանգ՝ կապված բարձր ջերմության հետ: Բացի այդ, 411 զանգ է ստացվել՝ հոգեբանական օգնություն ցուցաբերելու խնդրանքով»,-նշեց Արմեն Հարությունյանը:

Նա պարզաբանեց, որ հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում օնլայն ռեժիմով:

«Բացի այդ, մեկնող բրիգադները տեղափոխել են 7 վարակվածի եւ նրանց հետ շփված 101 մարդու: ԱԻՆ տրանսպորտային միջոցներով տեղափոխվել է 855 շփված անձ, որոնցից 28-ը տեղափոխվել է Նորաշեն համայնքից»,-հավելեց պաշտոնյան:

Նա նշեց, որ ԱԻՆ աշխատակիցները պատրաստ են օգնել նաեւ այն համայնքներին, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն կատարել ախտահանող աշխատանքները:

Նա նաեւ նշեց, որ ԱԻՆ աշխատակիցները, որոնք ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում, օրական 3 անգամ բուժզննություն են անցնում: