Ռուսաստանը հույս ունի առաջիկայում լուծել Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման հարցը: Այս մասին երեքշաբթի օրը Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, օդային հաորդակցությունն այժմ դեռ սառեցված է, բայց հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրը»,- ասել է նա:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ քննարկել առեւտրային ներկայացուցչությունները բացելու հնարավորությունը, եթե այդպիսի առաջարկ լինի Թբիլիսիի կողմից:

«Մենք պատրաստ կլինենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, քանի որ մենք չէինք խզման նախաձեռնողը: Հավանաբար, պետք է սպասել, մինչեւ վրացի գործընկերները կմոտենան այս հարցին: Առեւտրային ներկայացուցչությունները նույնպես որոշակի պայմանավորվածությունների առկայություն են ենթադրում: Չեմ կարծում, որ դա կտրուկ որեւէ առավելություն կտա, բայց եթե մեզ առաջարկեն, մենք անպայման քննարկենք այդպիսի հնարավորությունը»,- ասել է նա: