Հայաստանում թավշյա հեղափոխություն է սկսվել: Նման hամոզմունք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում:

Ըստ նրա, նման հեղափոխության վկայություն է այն, որ եռամյա բռնաճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ստիպված եղան գիտակցել, որ չեն կարող հաշվի չառնել ՀԱԿ-ին: «Այսինքն, ժողովուրդն անմիջապես իր ձեռքն է վերցնում երկրում ներքաղաքական գործընթացների կառավարումը»,- հայտարարել է Զուրաբյանը` հավելելով, որ բոլորն ականատես են իրադարձությունների արագ զարգացմանը:

Նա իր ելույթում կոչ է արել հետայսու էլ շարունակել վճռական պայքարը քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ: Իր ելույթը նա ավարտել է ավանդական «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսով:

Հանրահավաքի մասնակիցները ողջույն են հղել յոթ քաղբանտարկյալներին, ովքեր դեռ շարունակում են մնալ կալանքի տակ: