ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հնարավոր է համարում ԱՀԿ-ի հետ կապված «ավելի համարձակ փոփոխություններ» եւ նշել է կորոնավիրուսի ծագման հարցում Չինաստանի կողմից թափանցիկության բացակայության մասին:
«Նույնիսկ այսօր Չինաստանի կառավարությունը ամերիկացի գիտնականներին թույլ չտվեց գնալ Չինաստան եւ այցելել ոչ միայն Ուհանի լաբորատորիա, այլեւ ցանկացած վայր, ինչը թույլ կտա իմանալ վիրուսի մասին, իմանալ դրա ծագման մասին»,- Fox News-ի եթերում հայտարարել է Պոմպեոն:
«Մենք գիտենք, որ դա սկսվել է մեկ (լաբորատորիայում), բայց պետք է դա պարզենք: Համավարակը թեժ փուլում է: Մենք դեռեւս չենք ստացել այն թափանցիկությունն ու հրապարակայնությունը, որի կարիքը Չինաստանից ունենք»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պոմպեոն նաեւ մեղադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որ ԱՄՆ-ին չի օգնում Չինաստանից չափազանց կարեւոր տվյալներ հավաքել:
«Թափանցիկության հասնելը Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատվությունն է: Նրանք դա չեն անում: Նրանց պետք է պատասխանատվության կանչել: Եվ տեսնել այն, որ ամբողջ աշխարհում մյուս երկրները եւս սկսում են հասկանալ ԱՀԿ ձախողումները»,- նշել է նա:
Նա մեկնաբանել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ:
«Կարծում եմ, որ դա ճիշտ է: Կամ նույնիսկ ավելին: Սա կարող է այն դեպքը լինել, երբ Միացյալ Նահանգները կարող է այլեւս երբեք չվերադառնալ ստորագրմանը՝ ամերիկացի հարկատուների դոլարներն ուղարկելով ԱՀԿ: Մեզ կարող են անհրաժեշտ լինել նույնիսկ ավելի համարձակ փոփոխություններ, քան դա»,- նշել է նա:





























